«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |
Առավոտյան մթնշաղը անցնելու վրա էր, երբ Գիլգամեշ ելավ, Էնկիդուին քով գնաց եւ, բերանը բանալով, ըսավ իր հիվանդ բարեկամին.
- Սիրելի եղբայր, չար դեւ մը նստած է ննջարանիդ մեջ, մարմինդ կը կրծե, գլուխդ ուտել կուզե, ես, անգին բարեկամս, չեմ կրնար քեղի օգնել։
Ցավեն ուժասպառ Էնկիդուն լուռ ու մունջ էր. խելակորույս պառկած հոգին կավանդեր։ Գիլգամեշ լալով ըսավ.
- Էնկիդու, կրտսեր եղբայրս, շատ կը ցավիմ, կուլամ, կողբակոծիմ քեզի համար։ Էնկիդու, ավա՛ղ, ո՞ւր մնաց այն գերմարդկային ուժդ, ծաղկուն երիտասարդությունդ ու առնական ձայնդ։ Ո՞ւր է, ո՞ւր է իմ նախկին Էնկիդուն ։ Առյուծի եւ վայրի ցուլի պես ուժգնագույն էիր, վիթի նման արագավազ. հարազատ եղբոր մր պես քեզ կր սիրեի։ Քեզ բոլոր իշխաններեն վեր դասեցի եւ Ուրուկի բոլոր գեղեցիկ կիները քեզնե հիացած էին։ Միասին մայրիներու անտառը գնացինք, գիշեր-ցերեկ իրարու հետ էինք։ Դուն էիր, որ ինձի հետ Խումբաբային գլուխը պարսպապատ Ուրուկ քաղաքը բերիր, եւ լեռնաբնակ ժողովուրդը այդ ճիվաղին ձեռքեն ազատեցիր։ Երբ մենք հեռավոր լեռներեն հաղթապանծ Ուրուկ քաղաքը կը վերադառնայինք, ժողովուրդը ցնծագին մեզի կը մոտենար եւ մեզի կօրհներ։ Երկնային ցուլը բռնեցինք, սպանեցինք ուձեռքերնիս Եփրատի ջուրին մեջ լվացինք, եւ Ուրուկի ժողովուրդը կրկնակի մեզի փառաբանեց, Էնկիդու, բարեկամս, արդյոք երկնային ցուլին մահաբեր գոռոցը, պոռչըտուքը վնասեց քեզ։ Եվ կամ գոռոցե երկնային աստվածները մեզի դեմ զայրացան ու պատժեցին մեզ անոր համար, որ փառաշուք Իշտարի վեհությունը անարգեցինք եւ երկնքեն բերած իր ցուլը սպանեցինք։
Գիլգամեշ ժամերով լռիկ-մնջիկ նստած էր Էնկիդուին. սնարին քով, բայց հայացքը հեռ ուները կը թափառեր։ Հետո ընկերոջը մահիճին քով կանչել տվավ քաղաքին իմաստալի մեծամեծները եւ քաջընտիրները։
- Լսեցե՜ք, զիս մտիկ ըրեք, քաղաքի երեւելինե՛ր, - բարեկամիս՝ Էնկիդուին համար կու լամ, եղերամայրերու դառն ողբով կուլամ։ Ա՜խ, դուն, որ մեջքիս տապարը, ձեռքիս աղեղը, գոտիիս սուրը, մարմնիս վահանը, տոնական զգեստս, իմ միակ բերկրանքս էիր։ Չար դեւն էր, որ եկավ խլեց ինձմեն Էնկիդուն, ազնիվ բարեկամս, կրտսեր եղբայրս, ան, որ լեռներուն մենակյաց վայրի էշը, տափաստաններուն հովազը կը հալածեր։ Մենք միասին մեր նպատակին հասանք, լեռները բարձրացանք , մայրիներու անտառին ահավոր Խումբաբան զգետնեցինք եւ երկնային ցուլը բռնեցինք, սպանեցինք։ Ավաղ, այդ ի՞նչ քուն է, որ ծանրացել է վրադ։ Ա՜խ, այնքան ապշած ու մթագնած ես, որ չե՞ս լսեր զիս։
Սակայն իր բարեկամը, Էնկիդուն, աչքերը չի բանար։ Եվ Գիլգամեշ ձեռքը անոր սրտին կը տանի, բայց ան չի բաբախեր։ Նորահարսի մը նման կը քողե զայն եւ սրտին բուռն ցավեն ու վշտեն կը սկսի մռնչել իր կորյունները կորսնցուցած էգ առյուծի մը նման։ Գիլգամեշ կը դառնա Էնկիդուին երեսըն կը նայե եւ ապա գլխուն մազերը կը փետե, գեղեցիկ պատմուճանները կը հանեք գետինը կը նետե եւ սգավոր աղտոտ զգեստ կը վհագնե։
Հաջորդ առավոտ, մթնալուսուն, Գիլգամեշ դարձյալ սկսեց իր լացն ու կոծը բարեկամին վրա.
- Էնկիդու, տափաստաններու հովազ, մի՞թե տրտունջս, գոռում-գոչումս քեզ այդ խոր քունեն չարթնցներ։ Մի՞թե հայացքդ այլեւս դեպի արեւը պիտի չդարձնես։ Զայնս չե՞ս լսեր, չե՞ս զգար եղբայրական սեր, որ կը տածեմ քեզ հանդեպ։ Քեզ հոյակապ անկողինի մը վրա ես դնել տվի, պատվո մահի՛ճի մը մեջ քեզ հանգչեցուցի, խաղաղության նստարանին վրա քեզ նստեցնել տվի, որպեսզի երկրին իշխանազորները գան ոտքերդ համբուրեն։ Քեզ համար Ուրուկի երջանիկ ու կենսուրախ ժողովուրդը լաց ու կոծի մղեցի։ Ես ինքս ալ, սրտակից ընկեր իմ, եթե քեզմե ավելի ապրելու ըլլամ, մարմինս աղտով պատած պիտի պահեմ, առյուծի մորթ պիտի հագնիմ եւ սարերը պիտի ելնիմ։
Էնկիդուն, պատանքով պատած, պառկեր է եւ չի պատասխաներ. կյանքը այլեւս իր պաղ անդամներուն չի վերադառնար։ Այսպես անշարժ պառկած մնաց Էնկիդուն ցերեկ մը եւ գիշեր մը եւ երրորդ, չորրորդ, հինգերորդ եւվեցերորդ ցերեկը եւ գիշերը։ Գիլդամեշ ամեն առավոտ իր անմոռանալի բարեկամին դիակին վրա կուլար, կողբար։ Սգավոր աղտոտ զգեստ մը հագած, գլուխը փոշեթաթախ, նա զուր կյանքի կը կանչեր իր տարաբախտ բարեկամը։
Երբ մահվան յոթներորդ օրը լրացավ, Էնկիդուին մարմինը սկսավ նեխել եւ որդնոտիլ։ Գիլգամեշ ավաղելով սրտակոտոր կը հառաչեր եւ բարձրաձայն կը պոռար.
- Էնկիդու, իմ կրտսեր եղբայր, դուն իսկապես գնացիր Իրկալլայի տունը՝ այն մութ աշխարհ, որուն բնակիչներուն կերածը հող է։ Այլեւս մանկունակ ձայնդ չելլեր, աչքերդ չեն բացվիր, ոտքերդ չեն շարժիր, ձեռքերդ աղեղ չեն բռներ եւ տապար չեն շարժիր։ Արդյոք մեռած մըն ես, Էնկիդու, բարեկամս։ Դուն, որ այնչափ քաշ եւ ուժեղ էիր - մահը քեղի հաղթեց, ի՞նչ պիտի ըլլա արդյոք իմ վիճակս։ Արդյոք ես ալ քեզի պես պիտի մահանամ եւ որդերը պիտի կրծեն մարմինս, որ հող եւ փոշի պիտի դառնա։
Ութերորդ օրը Գիլգամեշ իր բարեկամ Էնկիդուին փառավոր ու մեծաշուք թաղում կատարել տվավ։
Թաղման հաջորդ օրը, արշալույսին հետ, Գիլգամեշ ազնիվ փայտե շինված խոշոր սեղան մը շտկել տվավ, սարդիոնե ամանով մը մեղր եւ լազվարթե շինված խոշոր պնակով մը կարագ սեղանին վրա դնել տվավ իբրեւ հոգեհաց Էնկիդուին համար։ Հետո առյուծի մորթ մը ուսերուն վրա նետեց, զենք ու զրահ առավ եւ վշտակոտոր սրտով լեռները ինկավ։
http://hay-power.com/publ/9-1-0-329
Комментариев нет:
Отправить комментарий