ԱՐԹՆԱՑԻ'Ր ՀԱՅ ՄԱՐԴ
ԺԱՄԱՆԱԿԻ ՈՏՔՈՎ
Աշխարհը զարթնելու փորձեր է անում:
Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ որ «դիսկո ակումբ»ի կեսօրիական զարթոնքին: Բըժըժած գլխով, յուրաքանչյուրը նայում է շուրջը, ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո և ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցավ ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել, ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձև է եղել, և որքա՞ն տևել: Արդյո՞ք ապրել է բավականություն…:
Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, որոնք նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, որոնք սկսում են տեղում «բանահյուսել», ինչով և տպավորություն են գործում, որպես «արտակարգ հիշողության տեր՝, անձնավորություն»: Եւ «տպավորվածները» որոշում են կրկին գալ այդ ակումբ, «հիշողությունը մարզելու» վճռականությամբ:
Մերօրյա աշխարհակարգերը մաշվածությունից հատակը պատռված տակառի նման սպառում են իրենց: Եւ պարունակությունը չգիտես ու՞ր է հոսում ու անհետ ներծծվում:
Սակայն դեռևս պարունակության մակարդակի անկումն է գիտակցվում, և փորձ արվում ներմուծումը բազմապատկելու շնորհիվ մակարդակը պահել: Սակայն «թագավորի մերկությունը» արդեն ժողովրդական քննարկումների առարկա է, որը մարդկային որոշ միավորների արտամղում է ինքնամոռացությունից և հանգեցնում ինքնագիտակցման սկզբնավորման:
Սակայն ինքնագիտակցումը պարզ լինելով հանդերձ, դյուրիններից չէ, և այն յուրացնելու համար ազնիվ ու անկեղծ ջանքեր են հարկավոր: Եւ այդ ջանքերին ժամանակ է պետք:
Եւ ժամանակին լուրջ վերաբերմունք:
Եւ մարդիկ հաճախ են անտեսում վերաբերմունքի այդ լրջությունը, և փորձում ցատկել ժամանակի վրայով: Նրանք չեն գիտակցում, որ ժամանակը կրճատելով, կրճատում են ջանքերը, և համապատասխանաբար՝, ինքնագիտակցումը:
Մարդիկ հաճախ են մարդկայնությունից իրենց նահանջը ժամանակին վերագրում:
Հաճախ են մարդիկ իրենց իսկ քծնում, թե իբր իրենք մեծ ժամանակի ոտքով են քայլում:
Հաճախ են մարդիկ ժամանակի մեջ անվերջ ուշանում, զի շատ են շտապում:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Թափ տուր գլուխդ ունայնությունից:
Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է:
Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ, ու չէին չափում:
Եւ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում:
Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել և թիավարել:
Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում:
Երբեկ էլ ուշ չէ լողալ սովորել:
Եւ անհնար չէ Տոհմակարգի մեջ վերահաստատվել:
«ԵՍ» Եւ ԻՆՔՆՈւԹՅՈւՆ
Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք, մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Միթե՞ մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է, ...:
Միթե՞ մարդը այդքան բարդ է:
Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձևակերպու՞մ, թե՞ հոգևոր կայուն արժեք:
Երբ նայում ես մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ կորցրածը:
Իսկ ինչու՞ են իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու:
Եւ երբ նայում ես հիասթափվածների եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլևս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը:
Եւ այդպես,անմարդկայինի թվաբանական աճ(պրոգրեսսիյա):
«Հիասթափություն» բառը ինքնին խոսուն է: Այն իր մեջ ներառում է թե թմբիրը, և թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝, «ես» ի:
«Ես» ը որպես թմրամիջոց անհամեմատելի և անգերազանցելի է:
Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը:
«Ես»ը մարդու Հոգու ստվերն է: Եւ մարմնի և հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին ստվերը:
«Ես» ը բոլոր ժամանակների մարդակերն է, և սնվում է բացառապես մարդով:
«Ես» ի սնունդը մարդու «Ինքնություն»ն է՝, նրա Ներաշխարհը:
Եւ նա հոշոտում է մարդուն ներսից, առաջացնելով նրա մեջ վախ և արյան ծարավ:
«Ես» ը գործում է գայթակղությամբ, և մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են «ագահություն» ը, «իշխանության բարդույթ» ը և «սեռական սանձարձակությունը»:
Եւ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է:
Արթնացի'ր Հայ Մարդ.
Վար ձգիր ուսերիցդ «Ես» ի բեռը, և թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը:
Մոռացիր «ես» դ և հիշիր Մենքդ:
Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, և թող որ «ես» դ միանա մարմնիդ ստվերի սկզբին:
Որքան ցածր է «ես» ը, այնքան առողջ է մարդը, ամուր բազուկը և թեթև քայլքը:
Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական «սև խոռոչ» ը:
Գիտցիր, որ «ես» իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր:
Եւ վստահ եղիր, որ «ես» ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:
Ու՞մ Պաշտել
Մի անգամ երբ Երևանի թանգարանում շրջում էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը.«այստեղ ներքևում դուք տեսնում շրջան, որը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ նրա վերևի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն խաչի հաղթանակը արևի հանդեպ:»
Ու այդ ոգով շարունակում է ներկայացանել «խավարամոլ» Արևապաշտության հանդեպ ինչոր հզոր լուսավորչության հաղթանակը մոտավորապես որ,«հեթանոսները պաշտում էին արևը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»:
Միանշանակ այս մտածելակերպի հեղինակը թանգարանային աշխատակցուհին չէ, և այդ տրամաբանությունը մեկ սերունդ առաջ չէ, որ թևածում է մեր Հայրենիքում և մնացած հուդարմատ կրոնների երկրներում:
Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ ստեղծողին պաշտելով, կարելի է արհամարել նրա ողջ ստեղծագործությունը: Եւ ստեղծողը դա կարող է բարձր գնահատել:
Պատկերացնո՞ւմ եք, նկարչին, քանդակագործին, ճարտարապետին, բանաստեղծին, ... ասում եք, որ պաշտում եք իրեն, և զզվում նրա արվեստից:
Եւ հետո մեկ այլ տեղ պարծենում, որ արվեստի այսինչ ճյուղի ներկայացուցչին անձամբ ճանաչում և պաշտում եք, բայց զզվում եք նրա ստեղծագործությունից, ու գալու է ժամանակ, որ նա իր գործի հասույթից ձեզ էլ է բաժին հանելու, և անհոգ կյանք ապահովելու:
Իհարկէ, հարթությունը չի կարող ընկալել գունդը այլ կերպ, քան շրջան:
Հարթությունը որպես շրջան է ընկալում նաև կոնը: Իսկ շրջված վիճակում այն կարող է ընկալվել ոչ ավել, քան եռանկյունի:
Եւ հիմա հարթության, ավելի ճիշտ նրա հոմանիշ՝, տափակության քմահաճույքին է տրված առհասարակ Տիեզերքի ընկալումն ու մեկնաբանումը: Նյութական Տիեզերքը դեռ ոչինչ:
Տափակությունը արդեն քանի դար Հոգևոր Տիեզերքի պատկերն է փորձում իր ուսին դաջել, և իր անկանոն խզբզոցները հպարտությամբ ի ցույց դնել:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Քո Արի Նախնիք Բնությունը ճանաչում և նրան պաշտում էին ամենայն պարզությամբ, խորությամբ ու մեծությամբ:
Նրանք տեղյակ էին, թե երկրի գունդ լինելուն, թե նրա Արևի շուրջ պտտվելուն, թե նրա շուրջ պտտվող Լուսնին, թե Բևեռային Աստղին, թե...(կասկածողները թող ուսումնասիրեն Շիրակացու Գործերը):
Ճիշտ է Հին Հայքում էլ կռապաշտներ կային, բայց այն տարբերությամբ որ չէին գերիշխում:
Կային նաև վայրագ հավատից չհեռացած հայացած տոհմեր, որոնք մարդկային գաղտնի զոհաբերություններ էին անում: Բայց շատ հազվադեպ:
Ազատ էր Հայքը, Հզոր, Ինքնիշխան: Եւ այդ պատճառով Խաղաղ ու Անպարտ:
Եւ Բնությանը լիարժեք մասնիկ, ոչ թե ախոյան:
Եւ Բնության երևութական ու աներևույթ Ուժերը բազում, համարվում էին Դիք(ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ:
Եւ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Նորից Բնության Զարկերակն զգա: Եւ զգացածիդ միայն հավատա:
Եւ զգացածդ պահիր ու Պաշտիր և անզգայության Դարը թոթափիր:
ՀԱՐՑ ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆ
Մեր օրերում շատ է լինում, երբ ծնողդ, բարեկամդ, ընկերդ ու հարևվանդ ինչ որ բանով մտահոգված, կամ տոգորված - ոգևորված խոսք են բացում, խորհուրդ տալիս ու խրատում, և այնուհետ վիրավորվում ու նեղսրտում, որ բնությամբ կամ ընտրությամբ հարազատը իր լավ միտքը չի ընկալում - չի հասկանում:
Եւ նա բնավ չի ենթադրում, որ քեզ համար չեղած հարցին պատասխան է պարտադրում:
Դրա համար, ինչ որ չափով չեղած հարցեր մտքից պեղենք:
Ո՞րն է Իմաստությունը, հասկանալը՝, թե՞ հասկացնելը:
Թե հասկանալը, ապա ու՞ր է այն: Այնպես է չքվել, որ թվում է թե երբեկ չի եղել:
Իսկ հասկացնողի հասկանալն ու՞ր է:
Ինչու՞ չգիտի, որ բղավելով խոսելը զուր է:
Մերօրյա կյանքում որքա~ն առատ է հասկացնողի կեցվածքն ու ջանքը:
Որքա~ն առատ է ինքնաքծնանքի ձև հանդիսացող ենթադրության «ապացուցումը»:
Որքա~ն առատ է անորոշ ուղու մատնացուցումը:
Որքա~ն առատ են չիրականացած ակնկալիքից լարված ջղերը:
Որքա~ն առատ են անակնկալից ծալված ծնկները:
Երբվանի՞ց խզվեց աչք ու ականջի փոխադարձ կապը:
Երբվանի՞ց սրված ականջի լուրը ստիպեց խոհեմ աչքերին չռվել:
Ե՞րբ է չքացել և ու՞ր է կորել մեր Նախնիների կուտակած փորձը:
Այս ե՞րբ շփոթվեց գործիքն ու Գործը:
Այս ե՞րբ գործիքը դարձավ նպատակ, իսկ Գործը՝, միջոց:
Մինչև ե՞րբ պիտի հավատի համար մարդը վճարի, ու ոչ էլ ճարի:
Մինչև ե՞րբ պիտի մարդու ուղեղը անբանությունը նպատակ համարի:
Միտքս ավարտեմ իմ լավ ընկերոջ՝, հորից ժառանգված գործածող խոսքով:
«Ցավներդ տանեմ վարդի մուրաբով», ձեր մտերիմին օգտակար կլինեք, եթե այդ պահին նրան անհրաժեշտ հարցերը ուղղեք: Իսկ պատասխանը թող ինքը գտնի, որ չկորցնի:
Ո՞ւմ Սիրել
Չնայած մկրտված երբեկ չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, որ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Սակայն ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնեա չի եղել(չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնեա):
Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կամ պետք է Քրիստոսին հավատալ, կամ էլ քրիստոնեաներին:
Ընտրեցի առաջինը, և հավատացի նրան այնպես՝, ինչպես ինքն է իր մասին վկայում:
Եւ նրան հավատալով, նրա գաղափարները մերժեցի:
Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս:
Եւ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնեայի:
Եւ չգիտեմ թշնամու ի՞նչը կարելի է սիրել, բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտու՞մը..., թե՞ ինչ որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու չթվարկածը վերացական դարձնել:
Թշնամուն սիրող քրիստոնեաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետևորդների՝, ավաղ շատ եմ հանդիպել:
Եւ մերկապարանոց չորակվելու համար նրանցից մեկը մեջբերեմ:
49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում‚ որ արդէն իսկ բորբոքուած լինի։
50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում‚ որ կատարուի։
51 Կարծում էք‚ թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ• ո՛չ‚ ասում եմ ձեզ‚ այլ՝ բաժանում•
52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն• երեքը՝ երկուսի դէմ‚ եւ երկուսը՝ երեքի։
53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ‚ եւ որդին՝ Հօր‚ մայրը՝ աղջկայ դէմ‚ եւ աղջիկը՝ մօր‚ կեսուրը՝ հարսի դէմ‚ եւ հարսը՝ իր կեսրոջ»։
Ղուկաս գլ.12
Միթե՞ սա չէ մեր գլխով անցածը: Միթե՞ այս խոսքերը չէն, որ շարունակում են մեր Հայրենիքի հիմքերն ու կերտվածքները քայքայել:
Դեռ որքա՞ն պիտի քրիստոնեական տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց «հանապազօրյա» հաց ապահովեն:
Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի Արյունն ու Անունը կրող սիրելի Եղբայր կամ Քույր:
Քեզ եմ դիմում Մեծն Հայորդու խոսքով.
Արթնացի'ր Հայ Մարդ:
Արթնացիր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից:
Գժտվա՞ծ ես հարազատիդ՝, մոռացիր պատճառը և գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու:
Տգե՞տ է մտերիմդ՝, կիսվիր նրա հետ Իմաստությունովդ:
Խոսքդ չի՞ ընդունում՝, լռել սովորիր:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Քեզ բաժանել են տիրելու համար:
Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա :
Եւ մի վախեցիր անտեր լինելուց:
Ինքդ քե'զ տիրիր, և քեզ եղիր Տեր:
Եւ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝, ոչ տիրապետում:
Կայացի'ր Հայ Մարդ որպես Ինքնիշխան:
Եւ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի, ու քեզ իրենից կախման մեջ գցի:
Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ:
Հաստատվի'ր Հայ Մարդ Ընկերության մեջ:
Եւ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության ամեն տեսակում:
Արթնացի'ր Հայ Մարդ
Վասն Ազգացման
Աշխարհը ազգայնանում է:
Ավելի ճիշտ՝, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանում է: Իսկ առավել ստույգ՝, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանալու փորձեր է անում:
Ժամանակ առ ժամանակ ժողովուրդները մտորում են, որ սեփական երկրում չունեն աշխատանքի իրավունք:
Որ, ինչ որ օտար երկրի գործատեր, անհիմն կերպով կարող է իրենց՝, իրենց իսկ երկրում գործազուրկ դարձնել:
Շատ են մտորում, ու հասկանում են որ իրենց երկրում օտարը միայն հյուր պիտի լինի:
Լավ հյուրասիրվի, օթևան ստանա և անվերապահ տուն վերադառնա:
Շատ մտորում են, բայց չէն հասկանում, որ նախ և առաջ օտարի բարքը պիտի օտարեն:
Օտարի բարք է՝, հողը մարդկանցից բարձր պատերով ցանկապատելը, հող մասնատելը ու վաճառելը:
Օտարի բարք է հողին անհրաժշտ ջուրը կտրելը կամ վաճառելը:
Օտարի բարք է հացն ու գինին տոկոսով տալը:
Օտարը պիտի չկարողանա իր արատներից ծնված օրենքը անարատ վայրում սահամանադրի, և դրանով իսկ արատավորման սկիզբը դնի:
Չշնացողը, չգողացողը,... կարիքը չունի չշնանալու, չգողանալու,... պատվիրանների:
Եւ առհասարակ՝, Խիղճ ունեցողը պատվիրանների կարիքը չունի:
Ամեն պատվիրան վկայություն է առկա արատի:
Օտար ձեռքերը մեր ազգի ուղին ցուցամատներով վաղուց են շեղում:
Օտար ձեռքերը մեր ազգի բաժին բախտի ստինքը վաղուց են քամում:
Այդ է պատճառը, որ ազգանալը կիսատ է մնում, ու կիսատության կիսատ գիտակցված աղետներ բերում:
Այդ է պատճառը, որ ազգանալու խմորումները դյուր են հայտնվում օտար ձեռքերում:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Մինչև ե՞րբ պիտի օտարի ստեղծած՝, խավարին ձոնվող կեղծ լույսը պաշտես:
Բա'վ է օտարի պատրանքների մեջ դու մղձավանջես:
Բա'վ է օտարից՝, քո իսկ տեսակին արհամարելու դասեր սովորես:
Քո Նախնիների բարքն առաքինի, վարքն ազնվագույն դեռ տրոփ ունի քո զարկերակում:
Ազգացի'ր Հայ Մարդ:
Ոգիդ վեր տանող քո իսկ թոքերում քո Նախնիների Շունչը հասկացիր:
Եւ մի զլացիր ազգապահպանման համար անհրաժեշտ ազգաճանաչման ջանքերդ դնել:
Տիեզերական անսկիզբ - անավարտ անսահմանության ընկալման համար Հոգիդ լայն բացիր:
ԱՆԱՐԵւՈւԹՅՈւՆ
Հինգ տարի առաջ, Սլավոնա Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝, Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի և ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ և կարմրամազ(рыжий) են»: Նիստից հետո մոտեցա նրան, և բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ բացարձակ Ճշմարտության հասնել:
Մեր զրույցը տևեց մոտ հինգ րոպե, և ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց:
Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ խոսքում ներդրված միտքը:
Ո՞րն է նպատակը այդ և նման մտքերի: Ավելի «բարձրորակների» մոտ պատշաճ ընդունելություն գտնելը, թե՞ նման հատկանիշներից զուրկ լինելու ափսոսանքը:
Այս ի՞նչ բարդույթներ են համակել Հայի միտքը:
Միթե՞ գործիքները գործից կարևոր են:
Իդեպ, ռուս(և ոչ միայն ռուս) ծայրահեղականներն(ոչ միայն մաշկագլուխ) էլ են իրենց մաշկային «սպիտակության» վրա հիմնված զառանցագին գաղափարներ ծննդաբերում և փորձում կյանքի կոչել: Ասում են, թե, կանաչ և գորշ աչքերը կատարյալների աչքերի գույնն է, իսկ կապույտն ու դարչնագույնը՝, սպասարկողների:
Նման տեսությունների հեղինակները չեն էլ ուզում ենթադրել, որ իրենց բնորոշած «կատարյալ» աչքերը իրականում կապույտ և դարչնագույն աչքերով մարդկանց խաչասերումից առաջացած, միջանկյալ ակնագույներ են: Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում աչքերը մանուկ հասակում կապույտ են եղել, այնուհետև ապրել են գորշ և կանաչ «անցումային շրջաններ», և հիմա դարչնագույն են(արհեստական ոսպնյակների հետ երբեկ գործ չեն ունեցել):
«Ժառանգաբանություն» կոչված գիտությամբ ապացուցված փաստ է, որ դարչնագույն աչքերը առավել «կենսունակ» են: Այսինքն, եթե հոր գեներում երբեկ կապույտ աչքերով նախնիներ եղած չլինեն, ապա կապուտաչ երեխա չի ծնվի:
Այդպիսի տեսաբանները նմանապես խուսափում են այն մտքից, որ դալուկն ու սպիտակը տարբեր բաներ են: Իսկ մարդկային դալկությունը ունենում է միայն մեկ պատճառ՝, Արևազրկություն:
Ռուսների և մնացած հյուսիսային ժողովուրդների պարագայում Արևազրկությունը Բնական պատճառներ ունի: Այլ է մեր պարագան, որ ի ցավ սրտի,նույնիսկ հակաբնական է:
Այսինքն մեր ազգի բավականին ստվար մաս «տուն» հասկացությունը ընկալում է ոչ որպես գիշերը հարմար անցկացնելու տեղ, այլ առհասարակ Բնությունից թաքնվելու վայր:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Բավ է Արարչի Ստեղծագործությունը քո հանդեպ ուղղված վտանգ համարես և պատսպարվես:
Չէ՞ որ Բնությունն է զգայարաններով ընկալվող միակ ապացույցը Ամենայնի Ստեղծիչի գոյության:
Բավ է վախենաս քո իսկ Զորության միակ Աղբյուրից:
Չէ՞ որ Բնությունն է Արարման Սկզբունքն ու Պայմանը :
Չէ՞ որ Բնությունն է Արարչի Ուժի, Ճշմարտության և Սիրո արտահայտությունը:
Բավ է ատես քեզ Սիրողներին:
Բնությունը անկիսելի միասնական ամբողջություն է:
Նրան հնարավոր է սպանել, բայց ոչ երբեկ՝, տիրել:
Բնության սպանությունը ամեն սպանության մեջ է:
Ամեն սպանություն՝, ինքնասպանություն է:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Դու այն տեսակից չես, որ ապրում և պայքարում է Բնությունը սպանելու իրավունքի համար:
Զորացիր Բնությունով և պաշտպանիր Բնությունը:
Եւ քո պաշտպանությամբ մեծացող Բնությունը կվերականգնի Հայրենիքիդ տարածությունը:
ԹՂԹԱԲԱՆՈւԹՅՈւՆ
Հնդարիները ժամանակը բաժանել են չորս մասի՝, «սկիզբ», «երկրորդ»,«երրորդ», «վերջին» դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են հինգ մասի՝, «ոսկե», «արծաթի», «պղնձի», «պղնձարույրի», «երկաթի» դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերևս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եւ այդ առումով հաշվել են արդեն «քարի», «պղնձի», «պղնձարույրի» և «երկաթի» դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:
Սակայն ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, և ըստ երևույթին դեռ երկար կապրի թղթե դարում:
Այսօր կյանքի ցանկացած դրսևորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք:
Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով:
Եւ դա դարձել է բնազդ:
Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետևանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է:
Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը:
Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին, մեջքին թևեր աճելու սին հույսերով:
Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թևերի դուրս չգալ բոժոժից:
Իսկ միգուցե այդ թևերը հոգևոր ե՞ն, և իմ նմանների համար անտեսանելի:
Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս:
Եւ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ,պարապ զրույց,...:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Բա'վ է միջոցը նպատակ կարծես:
Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս:
Բա'վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ և ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ:
Մինչև ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, և թուղթ չունենալիս դրանք չնկատես:
Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի, կամ էլ խոչընդոտ:
Տեղին է ասել. «թղթի բերածը թուղթն էլ կտանի»:
ՔԱՂ
Ընթերցողիս թերևս ծանոթ կլինի իրավիճակը, երբ մարդիկ հանրակառքում(ավտոբուս) տրտունջներով գրեթե ծանոթանում են միմիանց: Նրանք կյանքից դժգոհում են գրեթե նույն խոսքերով, և դժգոհ մնալու հաստատակամությամբ:
96 թե 97 թվականին, ընկերոջս հետ Երևանից Աբովյան էինք գալիս: Դաժան կյանքի օրինակներով, ուղևորների՝, մեկը մյուսին զարմացնելու ջանքերում բոլորից «առաջ» անցավ Աբովյանի Շրջանի գյուղերից մեկի մի բնակչուհի, որը սկսեց բղավել.
- Ժողովուրդ բա գիտե՞ք, մեր գյուղում քաղցից(սովից) մարդ է(ա) մահացել(մեռել):
Ուղևորները դրան արձագանքեցին վրդովված բվվոցով, և գլխի դրական տմբտմբոցով ըմբռնողություն արտահայտեցին: Սակայն հանրակառքի «հերոսուհին» փառքը երկար չվայելեց:
- Ո՞րն է ձեր գյուղը,- հարցրի ես:
- Կ......., - հաղթողի հպարտ քմծիծաղով պատասխանեց նա:
- Ամո'թ ձեր գյուղին, և անձամբ Ձեզ:
- Ինչի՞ համար:
- Անտարբերությամբ ձեր համագյուղացուն սպանելու համար:
Ուղևորների բվվոցը փոխեց բնույթը, և նրանք մի պահ հիշեցին, որ հային վայել չէ դրկիցի հանդեպ անտարբերությունը: Սակայն շուտով երթուղին ավարտվեց, և թերևս յուրաքանչյուրը նորից տրվեց իր անձնական հոգսերի ունայնության գգվանքներին:
Այո, շատ բան է կյանքում գլխիվայր:
Մեր օրերում վաղուց արդեն ընդունված չէ հեքիաթների և Դյուցազներգությունների հավատալ, և դրանցով զավակներ դաստիարակել: Ընդհակառակը, ծնողները աշխատում են զավակներում հեքիաթների հանդեպ «իմունիտետ» ձևավորել, և դրանով նախանշում են իրենց ետևից դեպի վիշապի երախ տանող ուղին: Մարդիկ դադարել են կերպարների լեզուն հասկանալ: Եւ չեն էլ հասկանում, որ իրենք իսկ հեքիաթային իրողության բաղկացուցիչ են: Չեն էլ հասկանում, որ հեքիաթների վիշապը, որի ճաշին մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց զավակներին են հրամցնում, աղբյուրից մի պուտ ջուր ստանալու համար, դա մեր օրերի իշխանավորն է, աշխարի որ ծայրում էլ որ լինի: Հեքիաթների ջուրը, մեր օրերի դրամն(փողը) է, որի ակունքներին վիշապազունները բացել են երախները ողջը կլանելու ախորժակով: Եւ մարդիկ որքան շատ են կերակրում վիշապազուններին, այնքան շատ են իրենք քաղցում:
Ժամանակ առ ժամանակ, մարդկանց համբերությունը սպառվում է, և նրանք հարձակվում են վիշապներից մեկի վրա, բռնում նրա պոչից: Բայց վիշապը մողեսի պես արձակում է պոչը, և անհետանում: Հետո մարդիկ վիշապի գահին են կարգում մի նոր մարդակերպ վիշապի:
Սրան էլ են լավ կերակրում: Հետո փոշմանում, որ հնին գահընկեց արին, կարծելով, թե նա արդեն կուշտ էր, և այս նորի նման շատ ուտել չեր կարող:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Մինչև ե՞րբ պիտի վիշապների մեջ մարդկություն փնտրես:
Մինչև ե՞րբ պիտի քաղցր խոսքին կուլ գնաս, ու չհասկանաս, որ դրանից հետո կոպիտին ես կլանվելու:
Միթե՞ դեռ չես հասկացել, որ քծնանքը քեզ տոկոսադրույքով են տալիս, որ հետո հանապազորդ ապահովելու համար ճարահատյալ բազմապատիկը վերադարձնես,:
Միթե՞ դեռ վիշապազունին քայլվածքից ու կեցվածքից չես ճանաչում:
Բա'վ է ժամանակդ ու ջանքդ վիշապազունին տրամադրես:
Հիշի'ր Ինքնությունդ Հայ Մարդ:
ԿՈՐԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Հինգ տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, և տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, և որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.
- Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում ես:
- Ինչպե՞ս թե, - զարմանք արտահայտեցի ես,- ողջ մոլորակն է մեզ Արի Մարդ(մեն) անվանում:
- Ի՞նչ է, ուզում ես ասել, որ արիացիների մոտ մայրիշխանությու՞ն է եղել:
- Ոչ, մայրիշխանություն էլ չի եղել:
- Այդ դեպքում ի՞նչ, - տարակուսանքից այլայլված հարցրեց նա:
- Արիական Ընտանիքում կարող է տիրել միայն գիտակցությունը:
Ռեկտորը արագ կողմնորոշվողներից էր, և գեղեցիկ անցավ այլ թեմայի:
Հայ իրականության մեջ քանիցս ներկա եմ եղել իրավիճակի, որ իգական սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչներ վկայակոչելով Իսրայել պետության «հաջողությունները», շեշտադրել են եբրայեցոց մայրիշխանական համակարգի վրա:
Չգիտեմ, թե որտեղից են ծագում նման թյուրիմացությունները, և չեմ ուզում իմանալ, դրանց նպատակը: Սակայն մի բան հստակ գիտեմ, որ Իսրայելը կոշտ հայրիշխանական համակարգի վրա է գործում: Եբրայեցի հոգևորականները բացառապես տղամարդիկ են, և նրանց խոսքը առաջնային է, նույնիսկ եթե հակասում է նրանց «թալմուդ» կոչվող, նրանց համար սուրբ գրքին: Եւ նրանց ազգությունը մորով պայմանավորելն էլ չունի կենսաբանական և գաղափարական հիմքեր: Լոկ գաղափարախոսություն, փղշտացիներից տարբերվելու նպատակով:
Մեր իրականությունում հաճախ է հնչում «հակառակ սեռ» արտահայտությունը:
Եւ այդ արտահայությունը իսկապես հանդիսանում է գնալով առավել կարծրացող մտածելակերպի բնորոշիչ: Եւ այն հուշում է իր՝, վաղուց արդեն կենցաղային մարտավարության վերածված լինելու կարգավիճակը:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Զարթնե'ք Հայ Կին և Այր:
Այդ ո՞վ և ե՞րբ ձեզ համոզեց, որ «տարբեր»ը անպայման նշանակում է «հակառակ»:
Եւ ո՞րն է հանունը հակառակության:
Միթե՞ հակառակվելը այդքան հրապուրիչ է:
Միթե՞ ինքնահաստատումը անպայման հակադրվելու մեջ է:
Մինչև ե՞րբ պետք է համադրելին հակադրեք:
Մինչև ե՞րբ պետք է ձեր շուրջը ավիրեք, և գանգատվեք ձեզ շրջապատող ավիրածությունից:
Միթե՞ երբևէ Բանականությունը ձեզ խաբել է:
Միթե՞ ամուր Ընտանիքը ձեր Բանականության հնարավորություններից անդին է:
Ամրացի'ր Հայ Մարդ Բանականության մեջ:
Եւ ծառան եղիր քո Բանականության, որ չծառայես անբան մտքերին, անմիտ դեմքերին:
Մի ձգտիր սրտանց քեզ ուղղվածը զոռով ստանալ:
Եւ զույգիդ մեջ եղած մարդուն մի կորցրու, որ չփնտրես:
ԸՆՏՐՈւԹՅՈւՆ
Վերջերս երիտասարդ ընկերներիցս մեկը մեկ հղում ուղարկեց համացանցային մի ֆորումից, որտեղ ոմն Դուգին փորձել է փայլել հայոց ավանդույթների իր իմացությամբ:
Նրա զգույշորեն հյուսված մտքերը բավականին լավ են քողարկում ասելիքի իրական նպատակը: Սակայն ասելիքը չի քողարկում նրա թյուրիմացությունը: Սա թերևս արդի իրողությունում հաճախ հանդիպող դեպքերից է, երբ ասելիքը թյուրիմացություն է, իսկ ասածը չգիտակցված ճշմարտություն: Եւ եթե այդ անձնավորությունը զուրկ չլիներ խորիմաստական վերլուծությունից, թերևս գլուխը կրծքին կհակեր իրեն բաժին հասած Ճշմարտության ամոթալիությունից:
Լավ,ընթերցողներիս համբերությունը չըչարաշահեմ: Այդ Դուգինն ասում է, որ հայկական հոգևոր ավանդությունում բացակայում են «մեսսիականություն»ը(փրկչականություն), «էսխանտոլոգիզմ»ը(կործանաբանություն) և «աստծո ընտրյալություն»ը: Եւ այնուհետև շեշտում է, որ դրանք բնորոշ են եբրայեցիներին ու ռուս ազգայնականներին: Հետո ներկայացնելով իր հանդիպումները և ուսումնասիրությունները հայտնում է եզրակացությունը, որ հայերս սեմականների դասին չէնք պատկանում,այլ պարզորոշ հաբեթական ենք:
Դուգինի մտքի խորամանկ ելևեջները հուշում են իր ով լինելը, և եթե նա հասկանար, թե ինչպիսի ծառայություն է մեզ մատուցում, դժվար թե նման վերլուծությամբ հանդես գար: Մեր և ոչ միայն մեր մասին թյուրիմացություններ մոգոնողները տգիտության մեջ այնքան են խորացել, որ օրինաչափորեն անցել են իրենք իրենց հերքելուն:
Իրականում նրա նշած երեք «առաքինություններ»ը իսկապես խորթ են Հայի Ոգուն էլ, Հոգուն էլ:
Հային հարիր չէ թոշակառուի հոգեբանությունը, քանզի Ժամանակ կոչվող Դիցը ի սկզբանե մեր վկան լինելով, մեզ հնացնելով՝, չի ծերացրել:
Հայը թոշակառու չէ: Այդ պատճառով էլ իր Փրկությունը ինքն է իրականացնում, և այն երևակայությունից չի հայցում:
Եւ Հայը ունի միայն սեփական վրիպումների հետևանքներից փրկվելու խնդիր:
Հայի խոհերի համար աշխարհի կործանումն ու կյանքի ավարտը տարբեր բաներ են:
Աշխարհի կործանումը նոր չէ, որ մեկնարկել է: Փոքր Մհերը դեռևս Ագռավաքար չէր մտել, երբ կործանումը սկսվել էր: Եւ թերևս անհրաժեշտ էլ լինի, որ Հայը մեղավոր աշխարհի կործանման ավարտը մոտեցնի:
Իսկ ընտրյալության բարդույթը իրական Հայի Շունչը չի կարող պղծել:
Հայը ինքնահաստատման խնդիր չունի:
Այդ պատճառով էլ ինքնավկայության վրա վատնելու ժամանակ չունի:
Բնության մեջ չկա երևույթ ու սկզբունք, որը դուրս է Արարչի Ընտրությունից:
Արարչի Ընտրության մեջ չկա երևույթ կամ սկզբունք, որը դուրս է Ճշմարտությունից:
Կյանքի բոլոր տեսակներն են Ընտրյալ:
Սակայն ամեն տեսակ ընտրյալ է իր ուրույն դերի համար:
Եւ ամեն տեսակ ազատ է Ընտրություն կատարելու իր տիրույթում:
Ամեն միտք, խոսք և գործ՝, ընտրություն է:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Վերահաստատվիր քո Ընտրության մեջ:
Կամրջիր անցյալդ ու ապագադ քո Ճշմարիտ ներկայով, և վերգտիր կապդ Հավերժացած Նախնիներիդ հետ:
Անցյալն ունի հետևանք,
Իսկ ապագան էլ պատճառ,
Նրանք հյուսված են իրար
Ներկայի մեջ անաչառ:
ՀՈԳԻ
Հոգու մասին շատերն են խոսել և շատախոսել:
Եւ մարդը այդպես շատախոսելով, իր էությունից շատ է հեռացել:
Եւ շատ խոսելով սկիզբը մոռացել, փափկակեցության մոլոր մոլության ծառան է դարձել և ունայնացել:
Հոգու գոյության թե պնդողները, թե ժխտողները չգիտես ինչո՞ւ ջղաձգվում են նույն դիմածռությամբ և նույն հույզերով:
Հոգու մասին շատերն են խոսում ծանրաշունչ հևքով ու շինծու դեմքով:
Ու չեն հասկանում, որ շատ խոսելով վատնում են շունչը հոգեճանաչման:
Ու չեն էլ զգում, որ շատ խոսելով վատնում են իզուր հոգեզգացական խոկումի ժամը:
Ինչ կարգի ասես փորձեր չէն անում՝, պատկեր են փնտրում սուրճի նստվածքում, մոմ են հալեցնում, եղունգի վրա մեռոն կաթեցնում, մեռնելուց առաջ և այնուհետև հիվանդ կշռում, գերեզմանոցում դարանակալում, մութ սենյակներում պնակներ շրջում՝, հոգի են կանչում, և երկյուղալից մտքերից կառչում: Հետո դժնդակ, անլույս մտքերը իրար են հյուսում ու հավատ կոչում: Եւ այդ հավատից աստծո զանազան կերպարներ կերտում ու այդ կերտվածքը բոլորից ծածուկ «գերիմաստության» մշուշով պատում: Ու չեն հասկանում, որ այդ արթմնի մղձավանջներով սեփական Հոգին Ճշմարտությունից են ցանկապատում:
Արթնացի'ր Հայ Մարդ.
Բա'վ է անսկիզբ ու անվերջ Հոգուդ սկիզբ - ավարտ փնտրես:
Բա'վ է ենթադրես դրախտ ու դժոխք կյանքիցդ հետո:
Բա'վ է կտրվես Բնության Շնչից, ու փնտրես Հոգիդ քո իսկ շնչից դուրս:
Բա'վ է գրերին հարցերդ ուղղես, ու պատրանքներով քեզ մխիթարես:
Ճշմարտությունը Շնչովդ չափիր ու նրան ամուր՝, ողջ Սրտով կապվիր:
ՊԱՏՐԱՆՔԱԶԵՐԾՈւՄ
Վերջին ժամանակներս շատ է խոսվում նեյրո – լեզվաբանական ծրագրավորման(ՆԼԾ) մասին, և այն ներկայացվում է որպես քաղաքական գործառույթի մեր ժամանակների նորամուծություն: Սակայն պարզագույն դիտարկումը երևան է հանում, որ ՆԼԾ կոչվածը նույն հիպնոսն է և հասարակական - քաղաքական ասպարեզ նոր չէ, որ մուտք է գործել:
Հիպնոսը վաղուց է կիրառվում զանգվածային տրամադրություններով ձեռնածություններ(մանիպուլյացիյա) կատարելու նպատակով:
Միամիտ հայացքը հիպնոսում նույնիսկ կարող է աստվածային խորհուրդ ընկալել:
Սակայն հիպնոսով աշխատող հասարակական կամ քաղաքական գաղափարախոսությունը միայն կարող է հանգեցնել հոգևորի և հոգեկանի շփոթմունքի:
Հիպնոսի արդյունքը կարող է միայն պատրանքը լինել, ընդ որում ինչպես հիպնոսվողների, այնպես էլ հիպնոսողների համար: Եւ ինչպես խոստանում է հոդվածիս վերնագիրը, սկսեմ այդ աներևույթ, սակայն մոլորակի կյանքում լավ արմատացած գործառույթի պատրանքազերծման գործընթացը:
Փորձենք ծանոթ պատմությունների վրա ճշտել հիպնոսի հնարավորությունները, որպեսզի հոդվածս լոկ իրողության հաստատագրում չլինի, այլ միգուցե նաև դառնա պատրանքի հաղթահարման ազդանշան:
Հիպնոսի սահմանները կարող էն լինել բավականին ընդարձակ, այսինքն միաժամանակ հիպնոսվողների քանակը կարող է հասնել միլիոնների:
Եւ այդ բազմությանը հնարավոր է ներշնչել, որ ողջ ավազանի կամ գետի ջուրը վերածվել է կարմիր գինու: Եւ հիպնոսվածները իսկապես կունենան նման տեսիլք և համի զգացողություն:
Հնարավոր է նույնպես այդ հանրույթին ներշնչել, թե 2 ձուկը և 5 հացը կիսելով ու բաժանվելով չէն սպառվում և բավականեցնում են ներկաներին, որը մի բան էլ դեռ ավելանում է:
Հնարավոր է նաև հիպնոսվածներին ներշնչել հիպնոսելու հատկություն: Եւ այդ հիպնոսվածները կկարողանան ներշնչել իրենց ներշնչվածը: Նրանք էլ իրենց հերթին կկարողանան նոր հիպնոսողներ պատրաստել և ապահովել հիպնոսելու ժառանգականություն:
Իսկ առաջին հիպնոսողը կարող է իր ստեղծած ալիքին հանձնել իր մտքով անցած ցանկացած պատրանք: Հանրույթին հնարավոր է ներշնչել, թե նա ականատեսն է այլմոլորակայինների, հրեշտակների, չարքերի, ուրվականների և ն. :
Հանրույթին հնարավոր է ներշնչել, որ նա իր իբր կայացած մահապատժի և հարության ականատեսն է:
Եւ այդ ներշնչանքների շղթայում ամենաառանցքայինը վախն է, որը թույլ չի տալիս զարթնել հիպնոսից:
Հիպնոսելու հնարքը բավականին պարզ է: Բավական է մարդու շահը գրգռել, և նա հլու կամակատար է: Եւ նա կամակատար է այնքան ժամանակ, քանի դեռ շահը գրգռված է պահվում: Շահն է, որ մարդուն կամազուրկ է դարձնում:
Իսկ հիպնոսողներին մնում է միայն շահի նորանոր ձևեր մոգոնել:
Այնպիսի ձևեր, որ ծախսերի հետ կապված չլինեն:
Այնպիսի ձևեր, որ ապացույցի կարիք չունենան:
Այնպիսի ձևեր, որ խոստումների չկայացման մեջ մեղավոր դուրս գան հենց հիպնոսվողները:
Եւ խոստումներն են՝ լավ զգացողություն, հոգեկան վերելք, հրեշտակների կամ տիեզերական հովանավորի աջակցություն, երկնային դրախտ, ...:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Դու քնել էիր քո մեծ գործերի մեծ հոգնությունից:
Եւ քո երազում քեզ այցելել են մեծ մղձավանջներ:
Սակայն զարթոնքիդ պահը եկել է:
Մոռացիր բոլոր օտարի կողմից շահերը խոստացված:
Հիշիր վերստին քո ազգի շահը:
Արթնացի'ր Հայ Մարդ, եկել է պահը:
Ցրի'ր պատրանքը քո մեծ Զարթոնքով:
Անսկիզբ է Բանը, և Բանը ճշմարտից է, և ճշմարիտ է Բանը:
Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, - իսկ Բանն անվերջ է:
Ով Բանական է, Բանի բանվածքով դառնում է Հավերժ:
Պատահական չե, որ ով Հավերժին թիկունք է դարձնում, անԲան է դառնում:
ԱնԲանացածին, էլ Բան չի մնում, քան Բանբաս անել.
ՈՒ Բանբասանքը փակում է Բանող ուղեղի ՈՒղին, դարձնելով նրան տրամաԲանող:
ՏրամաԲանող ուղեղն էլ հետո, չկարենալով անհուն ու անծայր Երկինքը զգալ,
Երկնքի անթիվ ԱստղԱրեգների Լույսը ընդգրկել, - Ավետն ընդունել,
Փորձում է իրեն բյուր պատրանքներից հյուսված Հույսերով սփոփանք գտնել:
Եվ պատրանքները սիրով տրվելով երևակայության տաք գգվանքներին,
Խոհատարածքում խուց են կառուցում,
Եվ լուսավորում կենդանու ճարպը այրող ճրագով,
Խուցը այդ խղճուկ,՝ Հոգու տուն կոչում:
Խեղճ նորաբնակը չի էլ հասկանում,
Որ վաղուց արդեն դարձել է ավաղ, պատրանքի ձեռքից սնվող ձեռնասուն:
Եվ այսպես դարեր...
Բավ է ժողովուրդ պատրանքի առաջ ծունկդ մաշեցնես,
Բավ է պատրանքին դու սիրաշահես:
Կանգնիր երկրին քո ողջ հասակով,
Նայիր աշխարհին Առողջ հայացքով:
Գիտցիր որ Հոգին տան կարիք չունի,
Տան, որի դուռը ներսից բացելու Բանալի չունի:
ՎԱՍՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ
Մի անգամ Արարիչը կանչեց իր մոտ Լույսին, և հայտնելով, որ խավարը նրանից գանգատվում է, հանդիմանեց վերջինիս հալածելու համար:
- Օ՜ Հայր Արարիչ,- զարմացավ Լույսը,- ես խավարին հալածելու չնչին իսկ միտում չեմ ունեցել: Ընդհակառակը, լսել եմ նրա մասին, փնտրում եմ ընկերություն առաջարկելու համար, սակայն ամենուր նայում եմ, նա չկա ու չկա:
Բյուրիցս ավաղ, սակավ չի լինում, երբ ընկերության պարզ առաջարկը վախ է պատճառում:
Ընդունման դեպքում վախով ուղեկցվում, և վերջ ի վերջոյ գժտման հանգեցնում: Եւ որպես օրենք, գժտվելուց հետո թուլակամ մարդը հակադարձում է ընկերոջ մասին իր իսկ գործածած նախկին գովքերը:
Լինում է նաև, որ վախկոտ մարդը պաշտպան փնտրելով, իր բարերարին միառժամանակ ընկեր է կոչում, իր առաջացրած հարցերը լուծում ու անհետ կորչում:
Վախով ընդունված կամ էլ համեմված Ընկերությունը երկար չի տևում:
Հաճախ է լինում, որ վախ կոչվածը կասկածի տեսքով ընկերոջ սիրտը հետո է մտնում և ուժգին գետնում:
Իսկ վախկոտ մարդը ամեն անձում է թշնամի փնտրում:
Հաճախ է լինում, որ մարդ կորցնում է յուր զգացականը, և դադարելով ընկերոջն զգալ՝, ենթադրում է թե, այդ նա է սառել:
Պատահական չէ, որ զգացականի կորուստը մարդուն մղում է դեպի զգացմունքայնություն:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Անընկեր մարդը նույն անաստվածն է:
Գտի'ր Աստծուդ Ընկերներիդ մեջ:
Ձուլվի'ր Աստծուդ՝, Ընկեր լինելու քո կարողությամբ:
Ընկեր լինում է միայն ուժեղը, իսկ ուժն արդյունք է Ընկերասիրության:
Ընկերոջ ուժը քեզ օգնություն է՝, ոչ պաշտպանություն:
Ընկեր լինում է միայն Ազնիվը:
Ազնվությունը ամենայն Սիրո արտահայտումն է:
Ընկերությունը տարիքի, սեռի,պաշտոնի, տեղի սահմաններ չունի:
Քեզ առաջարկված Ընկերությունը երբեկ մի մերժիր:
Քո առաջարկած Ընկերությունը երբեկ մի դրժիր:
ԿԱՐԳԵՐ, ԿԱՐԳԵՐ,...Արյունաբանները(հեմոտոլոգ) ասում են, թե կա արյան 4 խումբ: Եւ ներկայացնում են օտարալեզու տերմիններից հյուսված մի բավականին բարդ համակարգ, որը յուրացնել ստանձնողը թերևս հետագայում ժամանակ էլ չի ունենում «խճանկարին» հեռվից նայելու:
Չլինելով արյունաբան, և չունենալով այդ համակարգը հերքելու չնչին իսկ միտում, օրերից մի օր որոշեցի արյան մասին գաղափար կազմել: Եւ ինձ համար պարզեցի, որ կա արյան ընդամենը երկու տեսակ՝, կայուն և փոփոխական: Այլ կերպ ասած «ագլյուտինոգեն» կոչվող հակագենից զերծ և նրանով օժտված:
«Կայուն և փոփոխական» պայմանական բնորոշումները իմն են և թյուրիմացություններից զերծ մնալու համար չարժե գիտական հղումներ փնտրել:
Կայուն եմ անվանել այն պատճառով, որ այդ կարգը ներկայացնող կնոջ և տղամարդու միությունից առաջանում է նույնակարգ սերունդ:
Մյուս՝, փոփոխական կարգի արու-իգյան համադրությունից կարող են առաջանալ II, III, IV հայտնի բնորոշումներով կարգի սերունդներ:
Եթե փոփոխական կարգի ներկայացուցիչները երբևիցե կայուն կարգի հետ խառնում չեն ունեցել, ապա բացառվում է կայուն կարգի սերնդի իհայտ գալը:
Կառլ Մարքսը, իր հասարակարգային ձևավորման(ֆորմացիոն) տեսությունում նշում է 4 հասարակարգ՝, համայնական, ստրկատիրական, հողատիրական(ֆեոդալական) և սեփականատիրական(կապիտալիզմ):
Խճանկարին հեռվից նայելու ցանկությունը հանգեցրեց այլ համոզման՝, որ գոյություն են ունեցել և ունեն միայն երկու հասարակարգ Տոհմային և ստրկատիրական:
Առաջինը թերևս դեռ լավ չի մոռացվել, որպես նոր իհայտ գալու համար: Եւ այդ պատճառով ցանկացած զրույց Տոհմայինի մասին մի անգամից բախվում է հասկացողության և հասկանալու ցանկության բացակայությանը:
Երկրորդը՝, ստրկատիրությունը այնքան զարգացում է ապրել, որ դադարել է գիտակցվել ստրուկների կողմից:
Եւ այդ զարգացումը ապրել է 3 փուլ.
1. Բռնի
2.Ճարահատյալ(ֆեոդալիզմ)
3. Կամավոր(կապիտալիզմ)
Ստրկատերերն էլ զարգացման լավ ցատկ են կատարել, քանզի բռնի ստրկատիրության ժամանակ ստրուկ գնելը ծախսերի հետ էր կապված: Իսկ մեր օրերում նրանց օգնում է պատեհի հոտառությունն ու պոտենցիալ ստրուկների մեջ կամավորական տրամադրություններ առաջացնելուն ուղղված մեծ խոստումները:
Հասարակագետ տեսաբանները առատախոսն պնդում են, որ եթե հասարակարգը բրգաձև չլինի, ապա անպայման խառնաշփոթ(քաոս) կլինի:
Սակայն Տոհմակարգին ծանոթանալուց հետո խիստ դժվարանում են այնտեղ ցույց տալ խառնաշփոթը: Ու հեռանում են խառնաշփոթը գտնելու և զրույցը շարունակելու խոստումով:
Եւ պատահաբար հանդիպելիս պարզվում է, որ ոչ մի կերպ խառնաշփոթ փնտրելու համար չեն կարողանում ժամանակ կորզել, քանզի «կարևոր» գործերով շատ են զբաղված:
Այո', ունայնությունը իսկապես դարձել է կարևոր զբաղմունք, լավ սնվելու կարիքները հոգալու համար:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Այդ ե՞րբ հասցրիր լեռնցի լինելդ այնքան մոռանալ, որ որոշեցիր մաս լինել բուրգ կոչված կեղծ լեռներին:
Միթե՞ այդքան հրապուրիչ է շերտավոր հասարակությունում շերտ լինելը, թեկուզ երբևիցե բարձրագույն լինելու հավանականությամբ:
Միթե՞ տափակ լինելը կարող է նաև հաճելի լինել:
Միթե՞ ուսերդ այնքան սովորեցին ոտքերի, որ այլևս անկարող ես երկինքը ուսել:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Նայիր Լեռներիդ, և ավանդական Շուրջպարդ հիշիր:
Եւ հիշիր անձանց, ում հետ կարող ես ուսընդուս պարել:
ՍՏԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
«Մի անգամ մարմնի զգայարանները սկսեցին քննարկել, թե իրենցից որն է ամենակարևորը:
Յուրաքանչյուրը խոսում էր իր բացառիկության մասին և գնալով զրույցը վերածվեց աղմկոտ վեճի: Աղմուկը այնքան ուժգնացավ, որ ստիպված վեճին միջամտեց գիտակցությունը, և առաջարկեց, որ զգայարանները հերթով անջատվեն մեկամսյա ժամկետով: Եւ հինգ ամսից բոլորին պարզ կլինի, թե որ մեկի բացակայությունն էր բոլորի համար ծանր: Եւ դրանով իսկ կպարզեն ամենակարևորին:
Հինգ ամսից, սպասվածին հակառակ, վեճը կրկնվեց նույն ոգով: Բոլոր զգայարաններն էլ խոսում էին, որ իրենք մյուսների կարիքը չունեն, քանզի մնացածի բացակայության ժամանակ իրենք ավելի են հզորացել ու նրբացել: Ստեղծված իրավիճակից գիտակցությունը բոլորովին շփոթվեց: Այն ժամանակ Ոգին խոսեց, և հայտնեց, որ հեռանալու հերթը իրենն է: Չանցած երկու րոպե, բոլորը հասկացան, թե ով է ամենակարևորը, և աղերսեցին Ոգուն վերադառնալ, խոստանալով այլևս չվիճել:»
Առակս ի՞նչ ցուցանե.
Նույն իրավիճակն է մոլորակի, և մասնավորապես մեր Հայրենիքի հասարակական - քաղաքական ասպարեզում: Մի կուսակցություն գովում է իր տեսողությունը՝, տեսակետի բարձրությունն ու տեսածի բացառիկությունը, մյուսը լսողությունը՝, լսածի թովչությունն ու զարմանալու կարողությունը, երրորդը հոտառությունը՝, հոտոտելու առանձնակի սրությունը, չորորդը համի զգացողությունը՝, ախորժակն ու որկոր կրելու ձիրքը, հինգերորդը շոշափելիքը՝, շոշափածն ու ճմրթածը: Եւ այդպես համադրելին ոչ միայն հակադրում են,այլ առճակատում ու իրար բախելով, այնուհետ մեկը մյուսին անհանդուրժուղության մեջ մեղադրում:
Եւ այդպես ազգեր են մեռել, քանզի Ազգային Ոգուն շատ են ձանձրացրել:
Սևակի խոսքով ասած՝, «ազգերը մեռնում են տխմարությունից»:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Հիշի'ր Ցեղակարգդ, և նրանում վերահաստատվելով, դատարկիր Երկիրդ պառակտող կուսակցությունները:
Բա'վ է քեզ ուղղված սուտը դիվանագիտական որակ համարես, և հուսաս, որ քեզ խաբողը կկարողանա նաև անապատի խաբեբա զավակներին գերազանցել:
Խաբվածության վրեժխնդրությունը շատ դեպքերում ուղղված է լինում դեռևս խաբել չփորձածներին, քանզի դժվար է խաբել հմուտ խաբեբաներին:
Ստին հավատալը սուտ խոսելուց ոչ պակաս զանցանք է:
Դու'րս արի Հայ Մարդ ստի շղթայից:
Սուտը նման է ճահիճի: Նրանում որքան շատ ես շարժվում, այնքան շուտ ես ընկղմվում:
Սուտը հնարավոր չէ ներսից ճանաչել, քանզի ճանաչելու համար տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար, տեսողությունից բացի լուսավորվածություն էլ է պետք:
Հիշի'ր Հայ Մարդ:
Քեզ չեն կարողանա խաբել, եթե չկարողանան շահդ բորբոքել:
Շահդ չեն կարողանա բորբոքել, եթե չկարողանան քծնելով քեզ ծուլացնել:
Քեզ չեն կարողանա ծուլացնել, եթե չկարողանան քեզ բարկացնել:
Քեզ չեն կարողանա բարկացնել, եթե չկարողանան քեզ հետ գործակցել:
ՎԱՍՆ ԶԱՆԱԶԱՆՈւԹՅԱՆ
«Մարդիկ սիրում էն նրանց, ու լավություն էն արել,
ատում էն նրանց, ում վատություն են արել» Լ.Ն. Տոլստոյ Ճապոնացի Սամուրայները կարողանում են դիմացինի վարպետության մասին կարծիք կազմել նրա կեցվածքի և քայլվածքի հանդիսավորությունից: Եւ իրենցից զորեղին հարգալից խոնարհվում և ողջունում են: Մի անգամ Ճապոնիայից Մոսկվա մրցումների ժամանած կարատեյի վարպետները այդպես ողջունել են մի հայի, և չեն էլ ենթադրել, որ վերջինիս քայլվածքի հանդիսավորության պատճառը ոչ թե վարպետությունն է, այլ նոր գնված կոստյումը:
Ասում են, երբ եբրայեցու գրպանում 10 դոլար է լինում, նա իրեն այնպես խեղճ է պահում, իբր թե գրպանում ոչինչ չկա: Իսկ հայը նույն պարագայում իր դրսևորումով թողնում է 100 դոլար ունեցողի տպավորություն:
Մի ժամանակ Հայաստանում մարդիկ չէին հպարտանում նույնիսկ արած սխրանքներով:
Մեր օրերում քիչ չի լինում, երբ պարծանքի շարժառիթը խաբելն ու թալանելն է: Կամ կաշառքով, խարդավանքով ձեռք բերածը: Քիչ չի լինում, երբ որ մարդիկ այնքան շատ են դիմածռվում, որ սեփական դեմքը հավետ մոռանում են ու կորցնում:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է կարծում, ինչ այլոց մեջ բացառում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է ժխտում, ինչ այլոց մեջ ենթադրում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է սիրում, ինչ այլոց մեջ փնովում է:
Մարդ ատում է սարսափ ազդող ամենայն ինչ: Եւ քողարկում է ատելությունը հավատարմության ու հավետ սիրո առատ խոսքերով:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Վախի և ատելության հարաբերակցությունը ուղիղ համեմատական է:
Որքան շատ ատես՝, այնքան շատ կվախենաս:
Ինչպես անհնար է ծովը հագեցնել իր մեջ թափվող գետի ջրերով, այնպես էլ վախը բուռն ատելությամբ:
Վախը գործածվելով ոչ թե սպառվում՝, այլ շատանում է, նաև մեծանում:
Բոլոր մեղքերը ծնվում են վախից և վախ են ծնում:
Բայց չվախենալ չատելու համար, չի նշանակում անպայման սիրել:
ՎԱՍՆ ՆԱԽՆԵԱՑ
“Հեթանոս քուրմերն ասում էին, որ երկիրը գունդ է եւ պտտվում է Արեւի շուրջ”:
Անանիա Շիրակացի
Մենք Հայ ենք, սակայն մեզ այլոք, շատ հին դարերից Արմեն են կոչում:
Արմեն են կոչել, զի “ար” արմատը մեր խոսքի ծուծքն է եւ նաեւ ուղը:
Արմեն են կոչել եւ այն պատճառով, որ “ար” արմատը մեզ հարեւանող շատ լեզուներով նշանակել է հող:
Արմեն են կոչել` բնորոշելով մեր Բանն ու Բնույթը, քանզի մեր Նախնիք առաջինն էին որպես երկրագործ եւ Երկրի պաշտպան:
Առաջինն էին մեր ուշիմ Նախնիք, որ Հողից ստացան սնունդ ու աման, դազգահ ու կահ, զենք ու զրահ, զարդ ու զարդատուփ…
Առաջինն էին մեր ուշիմ Նախնիք, որ Հողից ստացված բերք ու բարիքից բաժին տվեցին կով ու ոչխարի, այծի ու ձիու, էշ ու գոմեշի, հավի ու սագի, … եւ սկիզբ դրին փոխօգտակար համակեցության:
Այլ ազգերը մեզ Արմեն են կոչում, սակայն Հայ ենք մենք: Որովհետեւ՝ Մայր Հողից բացի, Մեծ Սկզբից ի վեր պաշտել ենք նաեւ Կյանքը պայմանավորող մնացյալ տարրերը:
Պաշտել ենք, քանզի խորն ենք ճանաչել:
Պաշտել ենք, քանզի Ամենայն Ստեղծի Հորն ենք ճանաչել:
Ճանաչելն է ամենայն Սիրո պատճառը միակ:
Ճանաչելն է եղել պատճառ, որ շատ դարեր չենք մեղանչել ու ամաչել:
Չկար մի պատճառ, որ ուշիմ Նախնիք իրենցից դուրս փնտրեին:
Չկար հետեւանք, որ ուշիմ Նախնիք բուն պատճառը չգտնեին:
Մեր ուշիմ Նախնիք ճանաչում էին Ամենայն Ստեղծը մասնիկ առ մասնիկ եւ ամբողջությամբ:
Եվ ոչ մի մասնիկ չէին հակադրում մեկ այլ մասնիկի:
Չէին հակադրում արեւը՝ լուսնին, լեռը՝ անդունդին, ծառը՝ ծաղիկին, հաջորդը՝ նախորդին, լիքը՝ դատարկին, հաստը՝ բարակին …, ժամանակավորը՝ հավերժականին:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է ծովը համբառնում ու ամպեր դառնում:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է օդը հողմ դառնում, ամպերը տանում սարերում քամում: Քամված ամպերն էլ բյուր ակունքներով, բյուր առուներով վտակներ կազմում եւ միահյուսվում, գետ էին դառնում՝ ծով վերադառնում:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է ամեն մի պտուղ համ ու հոտ առնում:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Վերաճանաչիր քո Նախնիների բարքն Ազնվագույն:
Ազնիվ ամեն ինչ ոչ ժանգոտում է, ոչ զառամում է, ոչ էլ ծերանում:
Ազնիվը երբեք չի հիվանդանում:
Ազնիվը միշտ կա եւ միշտ է պատրաստ կրող ճակատներ լուսավորելուն:
Նա միշտ է պատրաստ արդար բազուկներ զորավորելուն:
Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵԼ
Ռուսները հաճախ են գործածում «հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝, ուրիշների» ասացվածքը: Սակայն այս «ոսպնյակի» միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եւ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, միգուցե ասացվածքը վերաբերվում է ինչ որ բան սովորելուն:
Համենայն դեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետևյալ տարբերակով.
«Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում»:
Եւ ի՞նչ ասել է «սովորել»:
Եթե նպատակը արտասովորը սովորական դարձնելն է, ապա մարդկությունը իսկապես սովորելու մեծ ցատկեր է կատարում:
Մարդու հարմարվողականության սահմանները թերևս ճշգրտումների գործընթացում են:
Այնպիսի կարծիք է դեմքերի մկաններ կառավարում, թե շատ գիտելիքներ ունենալը բավարար պայման է մեծ գործեր կատարելու համար:
Եւ այդ կարծիքն է, որ առիթ է դառնում ամենայն անծանոթ և խորթի բնորոշումը շրջանցած սովորույթների յուրացման տենդագին համաճարակի:
Եւ այդ համաճարակն է, որ խորթն ու մերժելին մատուցում է որպես անհրաժեշտից զրկվածություն:
Եւ դրանից է, որ մարդը իր հոգին գրավ է դնում իրեն կործանող՝, բութ ցավ պատճառող սուր զգացողությանց բաղձանքի դիմաց:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Միթե՞ առաջին Նախագահիդ օրինակից փորձ չքաղեցիր, որ շատ գիտելիքը կարող է նաև վնասակար լինել, քանզի իմացությունն ու Իմաստությունը տարբեր բաներ են:
Դեռ որքա՞ն պիտի քաղցր խոստումներով հավատդ սիրաշահեն և չարաշահեն:
Չին իմաստունը ճիշտ է հարցնում. « Մե՞ծ է արդյոք խոստումի և քծնանքի տարբերությունը»:
Դեռ որքա՞ն պիտի քո իսկ զավակին քո իսկ տալիքը այլին վստահես:
Բա'վ է հնարավորություններդ սնունդ դարձնես հարմարվողականությանդ:
Քո գլխին եկած արհավիրքներից ի՞նչ ես սովորել:
Եւ սովորածիդ արդյունքը ո՞րն է:
Քո գլխին իշխան լինել ցանկացող քո մի հատվածը, քո իսկ թշնամուց խաբելու դասը լավ է սովորել:
Բայց միթե՞ անվերջ պիտի կուլ գնաս միևնույն ստին:
Քո Նախնիների Ճշմարտությունը փնտրիր քո ներսում, ոչ թե քեզնից դուրս:
Եւ քո խնամքով Նրան աճեցրու քո ներաշխարհի ողջ տարածքով մեկ:
Թող Ճշմարտությունը վերստին դառնա քեզ սովորական:
Զ Ա Ր Թ Ն Ի ՛ Ր
Մարէ ՛,ես Զարթնեցի
- Զարթնեցի ՞ր,Որդի՜ս
-Մարե՛,ես երկա՞ր եմ քնել .
-Երկա՜ր,որդի՜ս,երկա՜ր
-Մարէ,ՀԱՅՔԸ կանգու՞ն է,
- Կիսա՛տ է,որդի՛ս .
- Մարէ,Բե՛րդը կանգու՞ն է
- Կիսա՛տ է Որդի՛ս :
- Մարէ՛,ըսէ՛,ի՞նչ է պատահե՛լ .
- Որդի՛ս,ԱՌԾԻՎՆ է լռել...
- Մարէ,Է՛դ իմա՞լ,
- Որդի՛ս,ԱՌՅՈՒԾՆ Է վիրավոր…
- Մարէ՛,ե՛ս զարթնե՛լ եմ,
- Որդի՛ս Զարթնե՛լ ե՛ս,Ոտքի՛ կանգնիր:
- Մարէ՛,ըսե՛ աղաչում եմ,ու՞ր են,
- Որդի՛ս,գնացին,թողեցի՛ն ու գնացի՛ն:
-Մարէ,ըսէ,էլ չե՞ն գա,
- Որդի՛ս,Դո՛ւ Զարթնիր ,մե՛ջքդ պնդիր,կհասնե՛ն քոմակ,
- Մարէ ,ըսէ՛,դու պահե՞լ ես,
- Որդի՛ս,պահե՛լ եմ,պահել եմ մուրազով,պահե՛լ եմ փառքով:
– Մարէ ինձ ՁԵՆ են տալիս Առյուծաձեւ Մհեր,Սասունցի Դավիթ :
- ՄՀԵ՛Ր,Որդի՛ս,ահա՛...
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջե իր հոր հողեր ։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։
Աստվածային սիրո խոչընդոտները
Տավուշի մարզի Դիտավան համայնքից մի ընկեր ունեմ՝ Դավիթ Սահակյան անունով: Էս Դավթին աստված այնքան է սիրում, որ ամեն անգամ կրկնակի է ուրախություն պարգեւում: Առաջին անգամ աստծո կրկնակի սերը արտահայտվեց 2007թ. փետրվարի 6-ին Արծրունի եւ Սահակ զույգ զավակների տես-քով: Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին աստված կրկին Դավթի ընտանիքին զույգ աչքով նայեց: Եվ մի աչքի Լույսը ստացավ Նորիկ, իսկ մյուսը՝ Սարգիս անունը: Դրանով աստված նաեւ ապացուցեց, որ իր սերը Դավթի հանդեպ չի նվազել:
Դավթի սերն էլ աստծո հանդեպ իր չափերով աստծուն չի զիջում: Նա իր թիկնեղ հասակով մեկ սիրում է աստծուց պարգեւ ստացած Հայրենիքը: Եվ աստծու չափ էլ ցավ է ապրում, որ անաստվածության պատճառով իր Հայրենիքը այնքան է փոքրացել, որ իր պապերի ընտրած Ոստանը նույնպես սահ-մանագծին է հայտնվել:
Եվ արդ աստված սահամանամերձ Դիտավանը փորձում է ամրապնդել այդ համայնք զույգ արու զավակներ ուղարկելով, սակայն աստծո սիրուն հակադր-վում է մեկ այլ՝ մարդկային, չափազանց մարդկային սեր: Եվ այդ չափազանց «մարդկային» սերը ամենեւին ուղղված չէ իր նմանին:
Այդ սերը կարողանում է միայն ուղղորդված լինել իր նմանի գրպանին:
Դավիթը դիմել է համայնքի ղեկավարությանը՝ աճող ընտանիքին հող հատկացնելու խնդրանքով, եւ ստացել չափազանց «բարյացակամ» պատասխան, որ կարող է մասնակցել աճուրդի եւ վճարելով ձեռք բերել:
Ըստ երեւույթին, գոյություն ունի ինչ-որ տրամաբանություն, ըստ որի մարդ վտանգավոր գոտում ապրելու եւ այն շենացնելու, ամրապն-դելու համար պետք է միջոցներ հայթայթի ու վճարի:
Երեւի որոշ օրենսդիրներ ու օրենքներ գործադրողներ Հայրենիքը դիտարկում են որպես «ատրակցիոն» եւ կարծում են, թե Հայրենասի-րությունը սուր զգացողությունների տեսակներից է, եւ «ադրենալին» հորմոնի համար հասարակ մարդիկ պարտավոր են վճարել:
Ընկերներիցս մեկը տատի պատմածներից մի բան պատմեց. անձրեւի ժամանակ թուրքերը հայ պատանդներին փակում էին նկուղներում եւ դուրս էին թողնում անձրեւի կտրվելուց բավականին անց: Երկար ժամանակ հայերը չէին հասկանում այդ գործողության իմաստը, մինչեւ թուրքե-րից մեկը հարցադրմանը «բարեհաճել» էր պատասխանել, թե «այդպես ենք անում, որ անձրեւից հետո մաքուր օդը դուք չշնչեք»:
Եվ այս մի ընկերոջս պատմածը պատահաբար չհիշատակեցի:
Հարց է ծագում. մի՞թե հային հող չտալը նույն այն թուրքի քաղաքականությունը չէ:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Արթնացե՛ք, հայ օրենսդիրներ ու գործադիրներ:
Արթնացե՛ք դրամատենչության թմբիրից:
Բավ է ձեր տեսակին ձեր կույր օրենքներով ու կատարողությամբ գաղթեցնեք: Վաղուց ժամանակն է, որ Պետության սահամանաեզրի ամբողջ եր-կայնքով ինչպես հող, այնպես էլ շինանյութ, անասնապահական եւ գյուղատնտեսական անհրաժեշտ պարագաներ նվիրելու Օրենք խմորեք..
ՎԱՍՆ ՔԱՋՈՒԹՅԱՆ
Քաջության քաղցից դավեր են նյութվել, հողեր են տրվել, կրոններ ծնվել,
ազգեր են մեռել:
Քաջերի սահմանը գուցե զենքն է, բայց քաջությունը սահմաններ չունի:
Քաջությունը նյութամոլագար գիտակցությունում պայմաններ չունի:
Քաջության սահմանն անծայր-անեզր Ազատությունն է:
Քաջերը երբեք ստրուկ չեն լինում ու ստրուկ չեն ունենում:
Քաջերը միշտ էլ իրենց կարիքը իրենք են հոգում:
Քաջերը երբեք չեն հիվանդանում:
Քաջերը միայն վերքերն են բուժում:
Քաջերը երբեք ընկերության մեջ եւ մարտի դաշտում վախկոտ չեն փնտրում:
Քաջերը միշտ էլ վախն ու վախկոտին հեռու են վանում:
Քաջերը երբեք վախ չեն սերմանում:
Քաջերը երբեք ուրիշի վախով չեն հպարտանում:
Քաջերը իրենց չեն փառաբանում:
Քաջերը երբեք չեն հպարտանում իրենց որակով, իրենց քանակով, իրենց բանակով:
Քաջը կարող է չլինել առաջնորդ, բայց առաջնորդող միշտ էլ քաջերն են:
Քաջերը միշտ էլ մենակ են լինում, բայց ոչ միայնակ:
Քաջերը երբեք ոչ իրենց համար, ոչ էլ ուրիշի՝ հողեր չեն զավթում:
Քաջերը միշտ էլ Ազատագրում են եւ ոչ թե զավթում:
Քաջերը երբեք երկնից ու երկրից ոչինչ չեն հայցում:
Քաջության Շունչը միայն ու միայն Մայր Հողն է բացում:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Բա՛վ է Մայր Հողդ քո ավերածությամբ անապատ դարձնես:
Մինչեւ ե՞րբ պիտի անապատներում դու Հավատ փնտրես:
ՍՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
9Օ-ականների երկրորդ կեսերին էր: Ընկերոջս տանն էինք, երբ նրանց հյուր եկան ընկերոջս քրոջ համակուրսեցիները: Ծանոթացանք, դեսից դենից զրույց սկսվեց, եւ ուսանողուհի հյուրերից մեկը հարցրեց.
- Երեխեք, բա երեկ լսում էի՞ք «ստերեո ստուդիա»-ն: Կարեն Վարդանյանը պատմում էր սատանայի թվի մասին: Ասում էր, որ աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր մարդիկ հեռախոսով հավաքել են 666, եւ որին կայծակն է շանթահարել, որին մեքենան է վրաերթ արել, որի գլխին աղյուս է ընկել...
Ես տարակուսանքով ունկնդիրը եղա տագնապալից ու սնոտի քննարկումների: Եվ այդ քննարկումներն անում էին Հայաստանի ապագա մանկաբույժները:
Սնոտի մթնոլորտը լիցքաթափելու նպատակով վերցրի լսափողը եւ բոլորին ակնառու կերպով հավաքեցի վերը հիշատակած թվերը, սակայն սպասածիս հակառակ, ուսանողուհիների հայացքների տագնապը ավելի խորացավ, եւ նրանցից մեկը նույնիսկ ռուսերեն ասաց, որ ինձանից հարկավոր է հեռու մնալ, այլապես իմ հետ կատարվելիք աղետը կարող է նաեւ նրանց անդրադառնալ:
Մի քանի քայլ նրանցից հեռացա, եւ հայտարարելով, որ արդեն կարող են իրենց ապահով զգալ, սկսեցի հորդորել սատանայից չվախենալ` ներկայացնելով նրա բնութագրի վերլուծականը. «Սատանան իմպոտենտ է»:
Անմիջապես հնչեց հարցը, թե` որտեղի՞ց գիտեմ:
Պատասխանս. «Նրա կերպարի վերլուծությունից: Այդ մասին վկայում են նրա կոտոշները: Չէ՞ որ կոտոշները խոսում են կնոջ դավաճանության մասին»:
Եվ զարգացրի նրա բնութագիրը.
«Նա նաեւ հարբեցող, ծխամոլ, խաղամոլ, ..., ստախոս, վախկոտ է»: Եվ ներկայացրի դրանց տրամաբանական մեկնաբանությունները:
Սատանայի բնութագիրը բավականին զվարճալի ստացվեց, աչքերի տագնապներն էլ փոխակերպվեցին գեղեցիկ ժպիտների, սակայն այդ փոքրիկ դիպվածը միայն կաթիլ է մեր օրերի իրողության պղտոր օվկիանոսում:
Ցավով եմ փաստում, որ հնությամբ ոչ մեկին չզիջող մեր ժողովուրդը արագ յուրացնում է երիտասարդ, եւ համապատասխանաբար «պրիմիտիվ» ժողովուրդների սնոտի հավատալիքներն ու սովորույթները եւ մոռացության է մատնում Նախնեաց՝ փորձով հաստատված Իմաստությունները: Եվ վատն այն է, որ այդ սնոտի հավատալիքները կենցաղ են խուժում օտար բառերի շարահյուսական «գեղեցիկ» խոսքով:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Քեզ հասկանալի ու քեզ հասկացող Բնության Սիրտը բաց է քո առջեւ:
Նախապաշարում կոչված պատրանքն է, որ խոչընդոտ է քո եւ Բնության Սրտերի զարկի համատրոփին:
Ականջի լսած ամենայն ինչը պիտի հաստատվի աչքի տեսածով:
Աչքի տեսածն էլ` անձնական փորձով:
Հային վայել չէ փորձը շրջանցող փորձանքին տրվել:
ՎԱՍՆ ԱՌՅՈՒԾՈՒԹՅԱՆ
«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս
Մոտ երկու ամիս առաջ Երևանի ռեստորաններից մեկում կոլլեկտիվ խնջույքի էինք: Սեղանը բավականին առատ և գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եւ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղեցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաև անուշ բուրում էին: Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երևույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»ը: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:
Զարմանքով ինձ համար ամրագրեցի(թեթև հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել: Կարծեցի՝ միգուցէ ես եմ չափազանց բծախնդիր: Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել(բարեբախտաբար ոչ մահացու):
Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենևին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ:
Առյուծների մոտ ընդունված է սնվել միայն թարմ որսով: Եւ նույն որսին առյուծը երկու անգամ չի մոտենում: Եւ առյուծը ուտում է մինչև կշտանալը: Սակայն լինում է, որ ինչ որ առյուծ անձնատուր է լինում քաղցին և մոռանում առյուծային բարքերը: Եւ կարծելով, թե ականատես չկա, մոտենում է լեշացած որսին և բորենիներին քշելով մի լավ հագենում է: Թերևս հետո մեծ զարմանք է ապրում, երբ իրեն երամից վտարում են: Ու չի հասկանում, որ վտարվում է առյուծներին ոչ բնորոշ հոտ ձեռք բերած լինելու պատճառով:
Հոտ՝ որը գիշատիչները լավ են ընկալում:
Այդ հոտը ընկալում են նաև բորենիները և դառնում վտարված առյուծի հավետ հետևորդը: Քանզի քաջ են գիտակցոււմ, որ նրա կատարած ցանկացած որս այլևս իրենը չէ:
Եւ այդպես, առյուծը մեկ անգամ գայթակղվելով ու քաղցը ոչ առյուծաբար հագեցնելով, իրեն դատապարտում է քաղցամահության:
Շատ մարդիկ են ինչ-ինչ տրամաբանությունից ելնելով կյանքի այլ տեսակների մոտ գիտակցությունը բացառում: Թերևս դրանով փորձում են ճշմարտությունը զոհաբերել սեփական «Ես» ին: Ըստ երևույթին այդ կարծիքից մարդկանց մի ստվար հատված առանձնակի հաճույք է կորզում:
Մեր իրողությունը կրում է բազում ապացույցներ, որ «մարդ» հաջողված ստից կարող է արտակարգ ուրախություն ապրել: Եւ թերևս «մարդ»ը իր համար բացահայտել է ամենամեծ հաջողության հավանականությունը ունեցող սուտը՝ ինքնախաբեությունը:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Հիշիր առյուծ անցյալդ և վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ:
Բավ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես:
Բավ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, ... արգասիքների առյուծի բաժինը բորենիներին տրամադրես:
Բավ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես:
Վերհիշի'ր վեհն ու գեղեցիկը:
Комментариев нет:
Отправить комментарий