ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ծ Ա Գ Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն ( ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ) Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգացական, խոհական, երևակայական որակներով և իմաստավորում այն սերունդների մեջ: Ազգի Դիցաբանությունը նրա իրական պատմության խոհա-զգացական, երևակայական իմաստավորումն է սերունդների մեջ որպես կենսափորձ: Ըստ այդմ, Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել և չի ապրել: Նա պարզապես գոյություն է ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ՝ սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից... Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, և նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է: ԵՎ թե Հայ ազգը ծնված է և մեռած չէ, ապա նա անպայման ունի իր Դիցաբանությունը: ԵՎ դա Արարատյան Ավանդապատումն է, ուր Ազգն ու Ցեղը նույնանում են իրար: Արարատյան Ավանդապատումի ակունքները գնում են մինչև վաղնջական ժամանակները, երբ դեռ մարդկության Տեսակներից մեկը՝ Արի Ցեղը, իր ծագումն ու իր պատմության սկզբնավորումը ունենալով Արարատում, իր Բնակում է կերտել իր Դիցաբանությունը: Հետագայում միայն, Արարատից արտահոսքի հետևանքով ձևավորված տարբեր Արի ազգեր սկսում են ապրել իրենց առանձնահատուկ պատմությամբ, ուստի և ձևավորում են իրենց ազգային Դիցաբանությունները, որոնց ակունքը, այնուամենայնիվ, Արարատում է:
Արն էր ի սկզբանե, և Արա՛ն էր Արարիչ: Արարիչը անսկիզբ է ու բացարձակ: ԵՎ անսկիզբ ժամանակում է Նա Աշխարհն արարել: ՈՒստի Աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ:
Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը արար:
Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված՝ Եթերային ՈՒժ, ամեն մի Աստված՝ Անմահ Զորություն: ԵՎ այդ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն:
ԵՎ Անահիտն է Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ անմահ Աստվածներ և իր մայրական ջերմությամբ սնում, գուրգուրում նրանց:
Բացարձակ է Արարիչը, և կատարյալ են Զավակները Նրա: Կատարյալ է և Վահագնը: Բայց անհանգիստ կատարելություն է նա՝ հրե պատանի, ամենաահեղ որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի:
Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արևների մեջ՝ Հուր Արևակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի Կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու Վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
ԵՎ ծնունդը նրա տիեզերական հույժ ցնցումով օծվեց: ԵՎ ցնծում էին Աստվածները ի տես Վահագնի: Աստղիկը սիրո համբույրով կնքեց ճակատը նրա և աստղերից հյուսած Խաչ-Պատերազմին կապեց նրա բազկին, որ անպարտելի լինի ՈՒժը Վահագնի: Ճարտարագետ Տիրը արարումի խորհուրդը բացեց Վահագնի առաջ, որ արարումին պահապան լինի: Իսկ լուսաշող Միհրը Վահագնին տվեց հազար ու մեկ արեգներից կռած գուրզը մարտական:
Վահագնը շատ էր սիրում գուրզախաղ: ԵՎ ոչ մի Աստված չէր կարող մրցել նրա հետ գուրզախաղի մեջ: Վահագնը նետում էր իր գուրզը և ապա հեռավոր մոլորակների վրա էր գտնում այն:
ԵՎ մի անգամ, երբ գուրզը նետեց, սովորականի նման գնաց որոնելու: Շատ մոլորակներ անցավ Վահագնը և հասավ Երկիր մոլորակ: ԵՎ այնտեղ գտավ իր գուրզը: ուրզը պառկած էր Երկրի վրա, կիսով չափ խրված հողի մեջ: ԵՎ հենց Վահագնի աչքի առաջ գուրզը մեծացավ, ընդարձակվեց և ձուլվեց Երկրին, մի բարձրադիր ու հսկայական տարածք ընդգրկեց: Ապա ծածկվեց խիտ կանաչով, որի միջից գուրզի ատամները որպես լերկ ժայռեր, դեպի երկինք ցցված, շողշողում էին ամենաբազմազան գույներով: Շատ գեղեցիկ էր տեսարանը: ԵՎ Վահագնը, հիացած այդ գեղեցկությամբ, երկար ժամանակ աչք չէր կտրում նրանից: Ապա դիմեց Երկրին.
- Սա քո զորությունը չէր, որ ամենազոր Աստծո գուրզը քո կրծքին որպես զարդ պահեցիր:
ԵՎ պատասխանեց Երկիրը.
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, գերագույն ես դու, և քեզանից վեր միայն Արա՛ն է՝ Արարիչը քո և իմ: Արայի կամքով այս գուրզը եկավ ու մխրճվեց իմ կրծքի մեջ, որպեսզի հազար ու մեկ արեգների զորության ուժով ես սնվեմ ու աստվածային բարիքներ ծնեմ: ԵՎ Անմահ Աստվածներն այստեղ աստվածային բարիքը վայելեն ու զվարճանան:
Վահագնը հավանեց Երկրի խոսքը և կանչեց բոլոր Աստվածներին: Աստվածները զարմացած էին:
- Այս ի՞նչ նախանշան է,- դիմեցին նրանք իմաստուն Տիրին,- միայն դու կարող ես հասկանալ դա:
ԵՎ խորաթափանց Տիրը ասաց.
- Արայի կամքով է կատարվել այս բոլորը: Հայր Արա՛ն մի նոր Աստված է արարելու: ԵՎ Մայր Անահիտը այդ Աստծուն ծնելու է հենց այստեղ՝ Երկրի վրա: ԵՎ Երկրային Հայգն է լինելու նա՝ առաջին Երկրային Աստվածը: ԵՎ սա լինելու է Երկրային Աստծո արարման Օրոցքը՝ Արարատը:
ԵՎ Աստվածները որոշեցին զարդարել այդ Օրոցքը, որ այն ունենա աստվածավայել ճոխություն:
Տիրը իր ճարտար մատներով լեռնաշղթաներ քանդակեց Օրոցքի հյուսիսային ու հարավային եզրերին, որ տափաստաններից փչող քամիներից պաշտպանվի նորածին Աստվածը:
Ջրերի թագուհի Ծովինարը Օրոցքի արևելյան և արևմտյան սահմաններում ծովեր տեղադրեց, ապա Օրոցքը զարդարեց լճերով ու գետերով:
Վահագնը երկնքում, ուղիղ Օրոցքի վրա, Արև վառեց, որ միշտ լույս ու ջերմություն լինի այնտեղ: Սիրավառ Աստղիկը բազմագույն և բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, օդը լցրեց բազմազան թռչուններով ու թիթեռներով և տարբեր կենդանիներ տարածեց Օրոցքում, որ նորածին Հայգը աստվածավայել ապրի իր Արարատում:
Իսկ Արտի Աստված Միհրը աստվածային այգի տնկեց, զարդարված բազմագույն և բազմահամ հրաշք պտուղներով, որ երկրային աստված Արին ու նրա ժառանգները սնվեն դրանցով: Քանզի աստվածներն ու աստվածամարդիկ պիտի աստվածային սնունդով սնվեն:
Կերտեցին Աստվածները Երկրային Աստծո Օրոցքը, և իրենք էլ հիացան դրանով: Այնքան հրաշալի ու գեղեցիկ էր Արարատը, որ նույնիսկ հենց Ինքը՝ Արա՛ն և Մայր Անահիտը անտարբեր չմնացին ու երբեմն իրենք էլ էին իջնում այստեղ զբոսնելու:
Աստվածները հաճախ գալիս էին Երկիր: Նրանք բարձրանում էին երկգագաթ Մասիս սարը, որտեղից երևում էր ամբողջ Արարատը և զվարճանում էին այնտեղ: Իսկ ճարտարագետ Տիրը Արագած լեռան գագաթին մի ճոխ գահ պատրաստեց չորս հենարանների վրա, ուր երբեմն հանգչում էր Հայր Արա՛ն: Աստվածները խմբով գալիս էին նրա մոտ, հայրական օրհնանքը ստանում և նորից թռչում էին Մասիս սար, իրենց խրախճանքը շարունակելու:
ԱՐԻԻ ԾՆՈՒՆԴԸ
Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արևն արդեն թեքվել էր սարերի ետևը և իր ճաճանչներին էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ և այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արևի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:
Հանկարծ Արևը դուրս պրծավ սարերի ետևից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին:Գտավ նրան, առավ իր գիրկը և անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը և թախծեց: Նա գնաց Արայի մոտ:
- Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:
ԵՎ Անահիտը պատասխանեց.
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:
- Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:
- Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:
- Ի՞նչ ես կամենում:
- Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ և ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՛լ, ժպտա՛լ... Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա և միշտ իմ մայրական խնամքին կարոտի:
Ժպտաց Հայր Արան և ասաց.
- Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա և մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՜ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: ԵՎ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ դու ինքդ կպարգևես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
ԵՎ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով և այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:
ՈՒ երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ՝ արևատես, լուսափայլ, առողջ և ուժեղ:
Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով և ասաց.
- Իմ այս զավակը առաջին արարումն է Երկրի վրա որպես Հայգ: ԵՎ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է և անընդհատ սպասելով, սպառվելու է ու ծերանալու է: ԵՎ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի և ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես և նրա բոլոր սերունդները:
Բոլոր Աստվածները հավաքվեցին Արարատում, ծիրանափող հնչեցրին և ուս ուսի տված, ի զորակցություն նորածին Արիի, նրա շուրջը քառասուն օր ու գիշեր Քոչ-Արի պարեցին։
Արարատի խոյասլաց լեռները մեծ հրավառությամբ ողջունեցին ծնունդն Արիի։ Թե՜ ծառ, թե՜ ծաղիկ, թե՜ հավք, թե՜ գազան բոլորը մեկտեղ շուրջպար բռնեցին, փառաբանելով ծնունդը իրենց երկրային տիրոջ…
Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: ԵՎ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: ԵՎ Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:
ԵՎ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից՝ գետում լողալիս կամ լեռները մագլցելիս և մայրական գուրգուրանքով սնում էր նրան: իշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ երազներ հղում նրան:
Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ և հովանավորում էին նրան:
ԵՎ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաստուն:
ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ
Աստվածներն էին կառավարում Տիեզերքը: Ամեն մեկը իր գործն էր անում: Ապա հավաքվում էին Երկրի Արարատում զվարճանալու և վայելելու աստվածային բարիքները, համեմված խաղողի գինիով: ԵՎ այդ խնջույքներին մասնակցում էր նաև նրանց երկրային եղբայրը՝ Հայգ Արին:
Կայտառ էր Արին և ուրախ: Նա սիրում էր Աստվածներին: Աստվածներն էլ նրան էին սիրում: Բայց զվարճալի էին Աստվածները, երբ հարբած էին: ԵՎ պատանի Արին որոշեց զվարճալի խաղ խաղալ: Նա Արևի ճառագայթները գցեց Աստվածների աչքերին: Հարբած Աստվածները փորձում էին պաշտպանվել այդ ճառագայթներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր: Ապա Աստվածները սթափվեցին հարբումից և իրենք էլ միացան չարաճճի Արիի խաղին:
Միայն Վիշապը սրտնեղեց: Զորավոր Աստված էր նա, բայց տկար էր աչքերից: Նա խիստ զայրացավ Արևի վրա, բայց առավել՝ Արիի վրա, որ հանդգնում էր ծիծաղել Անմահ Աստվածների վրա: Չէ՞ որ Աստվածներն էին վառում Արևի ջահը, իսկ Արին ինքն էր սնվում այդ Արևից:
Շատ էր հարբած Վիշապը, մթագնել էր նրա բանականությունը, և միայն կիրքն ու ցասումն էին իշխում այդ զորավոր Աստծուն: Նա կատաղորեն հարձակվեց Արիի վրա՝ պատրաստ հոշոտելու նրան: Զարմացավ Արին, թե իր անմեղ կատակը ինչու է զայրացրել Վիշապին: Բայց տեսնելով, որ Վիշապը իրոք հոշոտելու է իրեն, Արին իր ամբողջ ուժերը լարեց՝ պաշտպանվելու:
Հարձակվում էր Վիշապը, ֆշշացնելով ու իր երախից թույն ցայտելով: ԵՎ պաշտպանվում էր Արին իր զորավոր բազուկների ամբողջ ուժով: Չէ՞ որ նա էլ էր Աստված, թեև՝ Երկրային: Կռվում էին Անմահ Աստվածը և Երկրային Աստվածը: Զորավոր էր Վիշապը և իր չարության մեջ անխնա կոտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին:
Արտավազդ Միհրը միջամտեց, փորձելով դադարեցնել կռիվը և հաշտեցնել նրանց: Բայց Վիշապը իր զորության ուժով մի կողմ հրեց նրան: Մյուս Աստվածների միջամտությունն էլ ոչինչ չտվեց: Վիշապը հաղթում էր Արիին: Չէ՞ որ Վիշապը Անմահ Աստված էր, իսկ Արին թեև Աստված էր, բայց մահկանացու էր և իր զորությամբ զիջում էր Վիշապին:
ԵՎ Արտավազդ Միհրը հասկացավ, որ իր արդարադատությունը միայն Վահագնի զորությամբ կհաստատվի:
Այդ ժամանակ Վահագնը տիեզերական այգեստաններում զբոսնում էր չքնաղ Աստղիկի հետ: Երանության մեջ էր Վահագնը և անտեղյակ էր Երկրի վրա կատարվող աղետին:
Միհրը գտավ Վահագնին ու դիմեց նրան.
- Ո՛վ, Վահա՜գն, Վիշապը ավերում է Արարատը և կործանում է մեր եղբայր Արիին, հասի՜ր օգնության:
Սթափվեց Վահագնը իր երանությունից և անմիջապես թռավ եկավ Երկիր: Նա կանգնեց կատաղած Վիշապի դիմաց:
- Կա՜նգ առ, ո՛վ, Վիշա՜պ,- դիմեց Վահագնը,- սթափվի՜ր և զսպի՜ր քո չարությունը: Դու անգթորեն հարվածում ես քո եղբորը և ավերով պղծում ես Արարատը:
Վիշապը ֆշշաց ցասումով.
- Ես ատում եմ այս երկրային աստծուն, որ Անմահ Աստվածների պես կատարյալ չէ, բայց Անմահ Աստվածների հետ սեղան է նստում: Անկատարը կատարյալին եղբայր չի լինի, և ես պիտի կործանեմ նրան:
Բարկացավ Վահագնը Վիշապի խոսքերից.
- Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ է որպես երկրային Հայգ: ԵՎ Հայր Արայի կամքով ես պիտի պաշտպանեմ նրան:
ԵՎ երկու Աստվածներ բախվեցին իրար: Հենց Արարատում ահավոր մի Մեծամարտ էր Վահագնի ու Վիշապի միջև: Նրանց կռիվը ցնցում էր ամբողջ Երկիրը և արձագանք էր տալիս տիեզերական անհունության մեջ: Երկար էին կռվում նրանք: Աստվածները զարհուրած հետևում էին այդ Մեծամարտին: Միայն Հայր Արան հանգիստ դիտում էր վերից և իր մտքում իր որոշումն էր հյուսում:
Երկար կռվելուց հետո Վիշապն ընկրկեց: Վահագնը հաղթական էր: Բայց Արան սաստեց կռվող Աստվածներին, իր մոտ կանչեց նրանց և ասաց.
- Դուք երկուսդ այլևս իրար չպետք է հանդիպեք, թե չէ ձեր մեջ կռիվը անվերջ կլինի:
ԵՎ Արան Վահագնին կարգեց Լույսի տիրակալ, իսկ Վիշապին՝ Խավարի տիրակալ, ԵՎ Վիշապը այլևս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագն էր և Լույս: ԵՎ Վիշապը ատեց Վահագնին, ատեց արևին ու Արիին: Նա երբեմն երկնքից իջնում էր Երկիր, թաքնվում էր տափաստանի ավազների մեջ և չարությամբ ֆշշացնում էր Արարատի կողմը:
ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ
Մենակ էր Վիշապը և՜ Երկնքում, և՜ Երկրի վրա: Խավար էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան:
ԵՎ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: ԵՎ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: ԵՎ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: ԵՎ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին:
ԵՎ Վիշապը դիմեց Արային.
- Ո՛վ, Հա՜յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:
- Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՜ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: ԵՎ նա կլինի առաջին հողածին Տիտանը:
Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:
ՈՒրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր.
- Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: ԵՎ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի:
ԵՎ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:
ԼԻԼԻԹԸ
Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ և կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: ԵՎ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, և նա դիմեց Հայր Արային:
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար:
Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին:
Զվարթ էր Լիլիթը և կյանքով լի: Նա թեթևասահ ճեմում էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, և գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: ԵՎ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: ԵՎ նա զգում էր իրեն էլ մի հրաշալիք այդ հրաշալիքների մեջ:
Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած՝ ականջը դրած նրա բյուրեղյա նվագին՝ նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: ԵՎ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: ԵՎ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:
Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը և իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ և հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մութին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես և լուսավորում շրջապատը: ԵՎ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ:
Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արևշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, և նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան:
- Դու Լիլիթն ես, ո՛վ, չքնաղ գեղուհի՜, - հուզումնալից ձայնով ասաց Արին:
- Այո, - քնքշորեն ասաց Լիլիթը,- բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:
- Ես Արին եմ՝ Արայի որդին և երկրային աստվածը: ԵՎ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար:
Երջանիկ էր Արին, երջանիկ էր և Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: ԵՎ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը:
- Ի՛նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում,- հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը:
Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարցրեց.
- Ո՛վ, Հայգ Արի՜, ասա ինձ, ես է՞լ եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ:
Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով և հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, և շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.
- Օ՛հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, և քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել:
Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: ԵՎ այնուհետև Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: ԵՎ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: ԵՎ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:
Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները:
Լիլիթը ծնկի իջավ և ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր հագենում:
Կապույտ երկինքն իր արևով և Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: ԵՎ տեսավ Լիլիթը, որ արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, և լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: ԵՎ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր:
Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառնվեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա:
- Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին,- զարմացած հարցրեց Արին:
- Քո գռեհկությո՜ւնը, - վրդովված պատասխանեց Լիլիթը,- դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն, քո պատկերի ցոլքը խառնելով նրան:
ԵՎ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, և մեռել է սերը նրա հոգու մեջ:
- Դու գեղեցիկ ես, Լիլի՜թ, - ասաց վրդովված Արին, - բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում: Քո գեղեցկությունը տեր ունի, և քո գեղեցկության տերը ես եմ:
- Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, - ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, - և ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում: Ես եմ ամենակատարյալը և ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին: ԵՎ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը:
ԵՎ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արևային հրավառությանը: Սարսափեց Լիլիթը: Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, և որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը և իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ:
ԵՎ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը:
Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, և իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը: Նա այլևս չէր նկատում դրանց գեղեցկությունը և չէր ափսոսում դրանց: ԵՎ Լիլիթն ընկավ խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, և Վիշապն էր տիրակալ այդ բոլորին:
- Չքնաղ Լիլի՜թ, - լսեց նա Վիշապի ձայնը, - իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով:
Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, և նա հետևեց Վիշապին: Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ և դիմելով Տիտանին, ասաց.
- Ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը: Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց: Աճեցեք ու բազմացեք: ԵՎ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո:
Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, և կավի հոտը խփեց իր քթին: ԵՎ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա:
Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին՝ անբաժան ու անմեկին: ԵՎ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.
- Օ՛, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորության մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը: Դու տիրուհին ես իմ և ամբողջ խավարի թագավորության:
Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը՝ նա տիրուհի էր, թեկուզ խավարի:
Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջև: Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում: Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետևում նրան ամենուր:
Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին: ԵՎ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից: ԵՎ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում: Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլևս ծանր բեռի պես ճնշում էր նրան:
Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. ՙՄի՞թե լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը՚: ԵՎ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:
Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ և զգում էր, որ Լիլիթը իրենը չէ: ԵՎ դա հուսահատեցում էր նրան:
ԵՎ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը՝ ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս և անհետացավ գիշերային բավիղների մեջ: Նա այլևս չվերադարձավ:
Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված և անմահություն՝ մահ էր տենչում: Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ: ԵՎ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան և բազմացնի Չարի Տիտանի ցեղը:
Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ և անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում: Նա եկավ Արիի մոտ:
Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին և խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ: Լիլիթի հայտնվելը անսպասելի էր: Արին լուռ նայում էր Լիլիթին և ոչինչ չէր խոսում:
- Ո՛վ, Երկրային Աստվա՜ծ, - խոսեց Լիլիթը, և նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, - իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի:
Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին և սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա՝ խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը:
- Այս ի՞նչ է պատահել ինձ, - հարցրեց նա, - չէ՞ որ ես հրեղեն եմ:
Արին հեգնորեն ժպտաց և ասաց.
- Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:
Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա փախավ լեռները, ամաչելով երևալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, և այդ զղջումը նրա մեջ ձևավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ:
ԱՐՓԻՆ
Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից: Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:
ԵՎ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արևից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
ԵՎ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ: Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը: ԵՎ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով: Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
Բոլորը սիրում էին Արփիին: ԵՎ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում: Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին: Իսկ Արին չէր նկատում նրան:
Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում: ԵՎ չէր նկատում Արփիին: Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:
Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին: ԵՎ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:
Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ: Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.
- Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը: Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ: Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի: Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես. նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:
Այդպես էլ արեց: Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան: Նա մոտեցավ Արփիին և ասաց.
- Գեղեցիկ Արփի՜, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան: Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
ԵՎ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը: Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց: ԵՎ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ: ԵՎ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ: Նա խեղդվում էր ծարավից:
Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ: Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում: Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղավ: Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ: Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից: ԵՎ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:
Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը: Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն: Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը: Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի: Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան: Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:
Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ: Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:
- Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, - ասաց Արին, - բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ: Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.
- Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը: ԵՎ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը: Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ: Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:
Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
- Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ: Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Դա Լիլիթի բնույթն է: ԵՎ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը: ԵՎ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ: ԵՎ նրա քմահաճությանը սահման չի լինելու: Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից: Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը: Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի: Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:
ԵՎ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից: Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
Վշտացավ Արփին՝ Արին այլևս չէր որոնում իրեն: Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
- Զսպի՜ր, մի քիչ է՜լ զսպիր: Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:
ԵՎ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս: ԵՎ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ: Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ: Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
Անահիտը մայրաբար խրատեց նրան.
- Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին: իտցի՜ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար: Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը: Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը: Ուրեմն Արին է քո տերը: Այդպես է կամքը Հայր Արայի: ԵՎ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:
Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին: ԵՎ նա գնաց Արիի ետևից: ԵՎ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
- Ո՛վ, Երկրային Աստվա՜ծ, - դիմեց նա Արիին, - Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը: Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.
- Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:
Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. ՙՆա վիրավորում է քո սերը՚:
ԵՎ վիրավորվեց Արփին: Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. ՙՈւմի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում՚: ԵՎ խոնարհ ձայնով դիմեց Արիին.
- Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:
- Ո՜չ, - մերժեց Արին, - կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:
Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին: Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:
ԵՎ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:
Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ: Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
- Ես գեղեցի՞կ եմ:
ԵՎ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:
ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂԸ
Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արևի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ, իրար: Մեկը մյուսի զգացմունքների մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: ԵՎ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար:
Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին և հովանավորում էր նրանց սերը: Աստվածամայր Անահիտը իր մոտ կանչեց Աստղիկին և ասաց.
- Արիի և Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը:
- Մի՞թե այս սերը հավերժական չէ,- զարմացավ Աստղիկը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է և գարնան պես լուսաշող է, փոթորկող և անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ և փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը:
- Մա՜յր,- ասաց Աստղիկը,- իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: ԵՎ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը և կձգտեն իրար:
ԵՎ Աստղիկը հարցրեց.
- Ասա ինձ, Մա՜յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Նրանք պիտի ճաշակեն կենաց պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ:
Աստղիկը հայտնվեց Արփիին և ասաց.
- Ո՛վ, չքնաղ քույրի՜կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր կենաց պտուղը և այդ պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու:
- Ո՛վ, Դիցուհի՜,- ասաց Արփին,- սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը:
ԵՎ Աստղիկն ասաց.
- Դա միակ պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի:
Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել կենաց պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում և Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ և փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ:
Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառ և պոկեց այդ միակ արևաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, և նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, և կորիզն անջատվելով, ընկավ գետին:
- Ո՛վ, Արայի երկրային որդի՜,- ասաց Արփին,- սա կենաց պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա:
Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: ԵՎ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր և Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ:
Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: ԵՎ Արփին կանչեց թփերի միջից.
- Ճաշակի՜ր պտուղի այդ կեսը, ճաշակի՜ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՜ր և մենք երջանիկ կլինենք:
Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: ԵՎ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երևալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջև, որը լայն և հաստ տերևներ ուներ: Պոկեց թզի մի տերև ու ծածկեց իր ամոթը:
- Այսպես լավ է,- մտածեց նա և ուրախացավ:
Մի տերև էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերևով և դուրս եկավ թփերի միջից:
Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական և այնքան ձգող... ԵՎ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: ԵՎ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը:
Իսկ կենաց պտուղը կոչվեց Ծիրան:
ՍԻՐԱԿԸ
Առաջին արին ծնվեց Արարատում: Արին արի արարեց: ԵՎ առաջին երջանկությունն ու տառապանքը հաստատվեցին Արարատում:
Զորավոր էր Արիի որդին՝ իր հոր պես: Չէ՞ որ նա աստված էր, թեև՝ երկրային: Բայց նա աստվածների պես երջանիկ չէր: Ոչինչ նա չէր սիրում, ոչնչից նա չէր գոհանում և ոչինչ չէր ափսոսում նա: ԵՎ ամենը Արարատում նրան ձանձրույթ ու տառապանք էին պատճառում:
- Որդի՜ս,- ասաց Արին,- այս հրաշագեղ Արարատի առաջին ծնունդն ես դու: Բայց ինչո՞ւ երջանիկ չես քո ծնունդով:
- Ի՞նչ է երջանկությունը, ես չգիտեմ,- ասաց Արիի որդին:
ԵՎ Արին ասաց.
- Երջանկություն է, երբ զգում ես, որ դու Արարատինն ես և Արարատն էլ քոնն է ու սիրում ես այն ամենը, ինչ քոնն են:
Արիի որդին ասաց.
- Այս ամենը իմը չեն, այլ ինձ համար են միայն:
ԵՎ հասկացավ Արին, որ ինքը՝ երկրային առաջին աստվածը, անկատար արի է արարել: Մեծ վիշտ էր ապրում Արին:
- Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛,- կանչեց նա,- բա Արիից չարի կծնվի՞: Դու ինձ արարեցիր Արարատում, որ երջանկությունն ու արարումը հաստատվեն Երկրի վրա: Բայց իմ առաջին արարումը անկատար եղավ: Նա չի զգում ծնունդի երջանկությունը, կյանքի երջանկությունը, արարումի երջանկությունը: Ձանձրույթ ու տառապանք է նրա կյանքը: ԵՎ նա իր տառապանքով տառապանք է սփռում իր շուրջը:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց Արիի դիմաց և ասաց.
- Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Գիտցի՜ր, որդի՜ս, որ Արիից չարի չի ծնվի երբեք: Դու արի ես արարել: Բայց գիտցի՜ր, որ քո որդին կատարյալ աստված չէ. նա աստվածամարդ է միայն, և ինքը իր մեջ պիտի կերտի իր տարելությունը ու հասնի աստվածայնության: Հայր Արան այս գիշեր քո որդու Ես-ը կբաժանի բազմաթիվ ես-երի: ԵՎ քո որդին այսուհետև մշտապես կորոնի իր Ես-ի ամբողջությունը: ԵՎ սիրելով իրեն, նա կսիրի այն բոլորին և այն ամենը, որ իրենն են՝ իր Ես-ի ամբողջության մասերը: Այդպես նա կերջանկանա: ԵՎ երջանկանալով, նա կատարյալ Արի կլինի և կհասնի աստվածայնության: Նա ինքը կլինի սիրո ակունք՝ Սիրակ և սերը կհաստատի Արիների մեջ:
ԵՎ գիշերով, երբ Արիի որդին քնած էր, Հայր Արան բաժանեց նրա Ես-ը բազմաթիվ ես-երի:
Առավոտյան արթնացավ Արիի որդին: Նայեց իր շուրջը և տեսավ, որ ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նորովի է: Արևը ուրախ ժպտում է իրեն, ջրերը կարկաչելով երգում են իր համար, ծառերը նազում են իր շուրջը... Զարմացել էր Արիի որդին, և նրան թվում էր, թե ամենը կենդանի են, շնչում են և խոսում են իր հետ: Նա զմայլված դիտում էր Արարատյան այդ հրաշալիքը, որ մինչ այդ երբեք չէր տեսել: ԵՎ այդ հրաշալիքների մեջ տեսավ և իրեն՝ իրեն իրենից դուրս:
ՙՄի՞թե ես քնած եմ դեռ՚ - մտածեց նա և շփեց աչքերը: Նա համոզվեց, որ արթուն է: Բայց ինքը իրենից դուրս և բազմաթիվ անձերի մեջ... մի՞թե դա երազ չէ: ԵՎ նա վազեց Արիի մոտ:
- Հա՜յր իմ,- կանչեց նա,- մի՞թե ես երազ եմ տեսնում արթուն վիճակում: Բազմաթիվ անձեր՝ բոլորն էլ ես եմ, իսկ արև ու քար, ջուր ու ծաղիկ խոսում են ինձ հետ...
Ժպտաց Արին ու ասաց.
- Դա երազ չէ, որդի՜ս, դա իրականություն է: Հայր Արայի կամքով այդ բոլորը դու ես. քո ամբողջությունն են նրանք տարբեր անձերի մեջ: ԵՎ այդ բոլորը քոնն են, այլ ոչ՝ քեզ համար: Դու նրանց մեջ ես ապրում և նրանցով ես ապրում: ԵՎ պահպանելով նրանց՝ դու քեզ ես պահպանում, զորացնելով նրանց՝ դու քեզ ես զորացնում և սիրելով նրանց՝ դու քեզ ես սիրում: Դու մշտապես պիտի որոնես քո ամբողջությունը նրանց մեջ: ԵՎ ամբողջանալով, դու կհասնես աստվածայնության:
ԵՎ Արիի որդին սկսեց որոնել իր ամբողջությունը: ԵՎ որոնելով, նա երջանկացավ: Նրա մեջ արթնացավ աստվածային սերը՝ սեր դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: ԵՎ ինքն իրեն տեսնում էր բոլորի մեջ, որ իրենն էին, որ ինքն էին: ԵՎ նա նվիրվում էր նրանց, զորացնում էր նրանց:
ԵՎ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ: ԵՎ Արիի որդին կոչվեց Սիրակ:
ՅԱՀՎԱՀԸ
Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՜չ խռովություն, ո՜չ հիվանդություն:
Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհրդի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
- Յահվա՜հ,- բարկացավ Արան,- Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
- Հա՜յր իմ,- ասաց Յահվահը,- ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
- Դու չարախոսո՜ւմ ես, Յահվա՜հ,- զայրացավ Արան,- աստվածավայել չե՜ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
- Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՜ր և հանդարտվի՜ր,- ասաց Արան:
ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում:
Комментариев нет:
Отправить комментарий