«Այն ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց. «Նա է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»
Մատթ. 14.1-12
Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ XIV դարի վերջից եղել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը:
Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, քանի որ ընդերքում կան արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքեր։ Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Գրաբար տառադարձությամբ Աղուան։
Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը:
Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության հանրագիտարան: Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, պարիսպները 13- րդ դարի են, ներսում նաև բնակելի խցերը, սեղանատունը (1689 թ .) և դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.) կան: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնել է Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլան՝ 1216-1238 թվականներին, այն եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը: Եկեղեցու գավիթում Ջալալյանների տոհմական տապանատունն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչն այն եզակի եկեղեցիներից է, որի գմբեթի վրա պատկերված է Հայր Աստծո քանդակը: Եկեղեցին բազմաթիվ այլ արժեքավոր քանդակներով է զարդարված: Եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը: Ըստ ավանդության, Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են նշանավոր տեղում: Ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտչի տեսիլքը, մատով ցույց է տալիս իր գլխի տեղը: Ճգնավորները փորում-հանում են այն: Մեկ այլ ավանդության համաձայն, սրբի գլուխն անցնում է մի աղքատ մարդու ձեռքը: Աղքատը սրբի գլուխը տանում է իր տուն, որտեղ բազմաթիվ հիվանդների է բժշկում: Հասան Ջալալ Դոլան եղբոր հետ գնում է Երուսաղեմ ուխտագնացության և ճանապարհին հանդիպում է կաթոլիկ հոգևորականների, որոնք արկղերով մասունքներ էին տանում Հռոմի պապին: Գիշերը, երբ պատրաստվում են քնել, երկու հրեշտակ են իջնում, մատնանշում են մասունքներով արկղն ու Հասան Ջալալ Դոլային ասում են. «Վերցրու այս մասունքներն ու տար քո երկիր, դրանց հիմքով քո երկրի փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցիր և անունը դիր Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ սա Հովհաննես Մկրտչի գլուխն է»: Նրանք վերցնում են մասունքներն ու գալիս: Եղբայները վիճում են, թե ով պետք է վերցնի մասունքը, քանի որ այն շատ զորավոր է լինում, դրան կպնող հիվանդները բժշկվում են, չբերները՝ հղիանում: Գալիս են համաձայնության և մեծ եղբայրը՝ Հասան Ջալալ Դոլա իշխանը, վերցնում է Հովհաննես Մկրտչի գլուխը, ավելացնում է նաև Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարներն ու սկսում է կառուցել եկեղեցին: Այն օծում են 700 հոգևորականներ: Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։ 1260 թվականին ձերբակալված Մեծն Ջալալին ստիպում են ուրանալ հավատը և տանում են Իրան: Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, ինչի պատճառով 1261 թվականին դահիճներն անդամատում են նրան: Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում: Մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերն ու պահում ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում վանքի գավթում։ Գանձասարի վանքը մեծ դեր է ունեցել նաև ազատագրական պայքարում: 17-18- րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին: 18- րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները: Իսրայել Օրին Եսայի Հասան Ջալալյան Կաթողիկոսի հետ եկեղեցու գավթում Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ին գրում է հայտնի նամակը, որում ցանկություն է հայտնվում Ռուսաստանին միանալու: Այդ ժամանակ Արցախը գործող 300 եկեղեցի է ունեցել: 1828 թվականին կաթողիկոսություն արդեն գոյություն չի ունեցել: Հետագայում թեմի է վերածվում, որը գործում է մինչև 1933 թվականը:
Արևմտյան նիստերին քանդակված են Քրիստոսը, Ադամն ու Եվան, 2 կտիտոր (նվիրատու-պատվիրատու), իսկ հարավային նիստերին՝ ծնրադիր, լուսապսակներով մարդիկ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածամորը: Թմբուկի վրա` եզան գլխի և թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեսարանը: Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է: Համանման գավիթներ կան Հաղպատում և Մշկավանքում. ենթադրվում է, որ 3-ն էլ կառուցել է նույն ճարտարապետը:
Արևմտյան նիստերին քանդակված են Քրիստոսը, Ադամն ու Եվան, 2 կտիտոր (նվիրատու-պատվիրատու), իսկ հարավային նիստերին՝ ծնրադիր, լուսապսակներով մարդիկ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածամորը: Թմբուկի վրա` եզան գլխի և թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեսարանը: Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է: Համանման գավիթներ կան Հաղպատում և Մշկավանքում. ենթադրվում է, որ 3-ն էլ կառուցել է նույն ճարտարապետը:
1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը: 1923 թ-ից Գանձասարի վանքը չի գործել:
Այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին, այնուհետև 2000-ական թվականների այն վերականգնվեց գործարար Լևոն Հայրապետյանի միջոցներով:
Լուսանկարները՝ Ս. Կարապետյանի
Комментариев нет:
Отправить комментарий