Հայկական դիցաբանություն, հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներ։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան։ Երկրորդ շրջան Զրադաշտականություն (Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և հելլենիստական (Արտաշեսյան և Արշակունյաց թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր)։
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:
Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել:
Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий