«Էն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանը զիջում են Ադրբեջանին, սա փաստ է: Բայց Ադրբեջանը վերցնո՞ւմ է այդ 7-ը, այդ 7-ով բավարարվո՞ւմ է: Ոչ: Չի բավարարվում, 12-ն է ուզում, Ղարաբաղն էլ հետը: Սա է պրոբլեմը: Ես էլ դրա համար ասում եմ, որ բավարարող չկա, ցանկության դեպքում էլ չեն կարող», երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նրա խոսքով, այդ մոտեցման հետեւանքով այսօր հայկական կողմն է պատկերանում պարտված:
«Դա սխալ է, կապ չունի՝ ով է սկսել, Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, որն է սկսել, կապ չունի: Դա անընդունելի է: Հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված: Ես որ նայում եմ հեռուստատեսությամբ Ալիեւի նստելու ձեւն, իր պահվածքը, ինձ թվում է՝ մենք պարտվողն ենք, ինքը՝ հաղթողը: Թե՞ ձեզ չի թվում դա: Չի կարելի այդպես թույլ տալ, որ լկտիանան այդ չափի», ասում է Սամվել Բաբայանը:
Նա նշում է, թե 1993, 94, 95, 96, 97 թվականներին ինքը մասնակցել է բանակցություններին եւ հստակ հայտնել իր դիրքորոշումը, ինչի արդյունքը եղել է այն, որ չեն եղել կարգավորման այնպիսի առաջարկներ, ինչպես այժմ:
Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչի՞ հետեւանք է, որ այժմ ունենք այդօրինակ բանակցային ընթացք եւ միջնորդական առաջարկներ, Սամվել Բաբայանը պատասխանում է, որ դա չունենալու համար պետք էր բնակեցնել ազատագրված տարածքներն ու Ադրբեջանին եւ աշխարհին կանգնեցնել փաստի առաջ:
Մոլորություն է կարծելը, թե հնարավոր է Ղարաբաղի հարցում գալ որեւէ համաձայնության եւ պարտադրել Ղարաբաղին: Այսպիսի միտք արտահայտեց Սամվել Բաբայանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական իշխանության բարձրաստիճան գրեթե բոլոր ներկայացուցիչներն այսօր գրեթե միլիոնատերեր են, այդ միլիոններն էլ վաստակել ու պահում են Երեւանի իշխանության աջակցությամբ: Այդ միլիոնները Երեւանի ձեռքին Ստեփանակերտի վրա ազդելու եւ որոշում պարտադրելու լծակ չե՞ն:
«Չի կարելի ասել, որ Ղարաբաղի իշխանությունները որոշեցին, Հայաստանի իշխանության հետ եկան համաձայնության, ինչ ասեցին, ժողովուրդը կատարելու է: Ես ձեզ վստահեցնում եմ, սուտ է դա, չլինող հարց է: Ես կոնկրետ, կանգնելու եմ այդ ժողովրդի կողմը, եթե իրենք համաձայն չլինեն: Անտեր չենք թողնելու: Պետք է ժողովրդի հետ քննարկելով խնդիրը լուծել: Ժողովուրդն ընդհանրապես տեղյակ չէ ինչ է կատարվում: Մեկուսացրել են ուղղակի այդ ժողովրդին: Իրենց փոխարեն ինչ-որ մարդիկ խոսում են, տեղյակ էլ չեն ինչ են որոշում, ոնց: Նրանք գիտեն մի բան՝ ոչ մի հող էլ չենք տալու: Դե գնա, բացատրի», պատասխանում է Սամվել Բաբայանը:
Լրագրողները հարցրին նաեւ, թե Ղարաբաղի նախկին գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան, եկել են Հայաստան ու ապրում են այստեղ, ո՞վ պետք է առաջնորդի Ղարաբաղի ժողովրդին: Սամվել Բաբայանը նշում է, թե ի տարբերություն մյուսների, ինքը չի եկել Հայաստան կարիերայի:
«Ես թողել եմ Ղարաբաղը, հեռացել: Որովհետեւ եթե մնամ, պետք է պայքարեմ, որովհետեւ գտնում եմ, որ սխալ է ընթանում: Պետք է ինձ փորձեն վերագրել, որ ես կարոտախտով եմ տառապում: Հենց դրա համար տեղափոխվել եմ Հայաստան: Սա առաջինը: Եվ ես գիտեմ, որ քաղաքականությունը վարվում է Երեւանում, եւ եթե ինչ-որ ազդեցություն պետք է ունենաս, պետք է ունենաս այստեղ: Իմ տեղափոխման պատճառը դա է: Ղարաբաղցիներն իրենք իրենց պետք է տեր կանգնեն եւ պետք է պահանջատեր լինեն, այլ ոչ թե մեկուսանան, լուռ ու մունջ ընդունեն այն, ինչ որ իրենց ասում են: Իսկ եթե ժողովուրդը, անհատը, անձը, չի ուզում պայքարել իր ազատությունների համար, ապա ոչ մեկին պետք չէ մեղադրել», ասում է Սամվել Բաբայանը:
Բաբայանը նշում է, թե ինքը մոտ ապագայում տեսնում է պատերազմի վտանգ: «Տեսնում եմ, եւ բոլոր հետախուզությունն է տեսնում, էն, ինչ որ կատարվում է այսօր Ադրբեջանում: Ինչ է առել, ինչ է անում, ինչքան զենք ունի, ինչ է պատրաստում: Երբ որ Բաքվում ադրբեջանցին հայերեն լեզու է անցնում, իրենց հետախուզական խմբերը, իմ կարծիքով, Պարսկաստանը չի գրավելու, եւ ոչ էլ Վրաստանը, ոչ էլ Ռուսաստանը», ասում է Սամվել Բաբայանը:
Հարցին, թե արդյոք պատրա՞ստ է մեր բանակը, Սամվել Բաբայանը պատասխանում է, թե հարցը պետք է ուղղել ռազմական գործիչներին: Միեւնույն ժամանակ Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը մեծ կորուստ է կրելու, քանի որ պատերազմը հաղթում են մտքով, ոչ թե զենքի կամ մարդկանց քանակով: Սամվել Բաբայանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բնակավայրերը ճակատային ներկայիս գծից, հայկական դիրքերից մի քանի հարյուր մետր են հեռու եւ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն առնվազն 2 միլիոն նոր փախստականներ է ունենալու եւ նավթի փողերով ստիպված է լինելու ոչ թե բանակը զինել, այլ փախստականներին կերակրել:
Նախկին «Դաշինք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը, որի կուսակցությունը հայտարարվեց, թե լուծարվեց ՀՌԱԿ-ի հետ միավորվելու համար, տեղյա՞կ է այժմ ՀՌԱԿ-ի շուրջը տեղի ունեցող գործընթացներին, Սամվել Բաբայանը նշեց. «Տեղյակ չեմ ՀՌԱԿ-ի շուրջը ինչ-որ կատարվում է, ցանկություն էլ չունեմ տեղեկանալու»:
«Կապել ինձ ինչ-որ մի քաղաքական ուժի կամ կուսակցության հետ, իմաստ չունի: Ամեն րոպե, կարող է հենց վաղը, պետք լինի, մտնեմ քաղաքականություն եւ ակտիվանամ», ասում է Սամվել Բաբայանը, նշելով, որ իր որոշելիքն է, թե հատկապես որ ուժի հետ կլինի ակտիվանալու դեպքում:
Source: http://www.armtown.com/news/am/azg/20090723/2009072302/
Комментариев нет:
Отправить комментарий