ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուրարտերենի և հայերենի (գրաբարի) լեզվական նյութի համեմատումից ստացվում է, որ ուրարտերենի՝ մեզ հասած և հասկանալի բառապաշարի մեծ մասն իր զուգահեռն ունի հայերենում: Ընդ որում, այդ ընդհանուր բառերի (բառարմատների) մեծ մասը բնիկ հայերեն է, ունի հնդեվրոպական ծագում, որոնցից շատերը ներկայացված են իրենց հնագույն իմաստով և/կամ ձևով: Ավելին, հայերենի հետ ընդհանուր են ոչ միայն բառարմատները, այլև բառակազմական ածանցների մեծ մասը: Դրանք նույնպես հիմնականում բնիկ են և ունեն հնդեվրոպական ծագում: Մյուս կողմից` հայերենի հիմքում ընկած և նրա հնագույն շերտ կազմող բառակազմական ածանցների մեծ մասը նույնպես իր զուգահեռներն է գտնում ուրարտերենում: Ուշագրավ է, որ եղած ընդհանուր նյութում նկատվող որոշ տարբերություններն ունեն խիստ կանոնավոր բնույթ և հիմնականում համահունչ են նախագրաբարյան հայերենի` համեմատական քերականության կամ այլ մեթոդներով վերականգնվող պատկերին: Եթե նկատի ունենանք հայերենի կրած վերոնշյալ օրինաչափ փոփոխությունները և հնարավոր բարբառային (այս մասին տե՛ս ստորև) տարբերությունները, ապա մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ուրարտերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների մոտ 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են: Այսինքն՝ այս երկու լեզուները (բնականաբար, ուրարտերենի մեզ հասած կաղապարային և միաոճ տեքստերի սահմանափակ լեզվական նյութի սահմաններում) հիմնականում բաղկացած են ընդհանուր բառարմատներից և բառակազմական ածանցներից: Այդ ընդհանրությունները զգալի են ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ վերաբերում են յուրաքանչյուր լեզվի հիմքը կազմող և սովորաբար չփոխառվող այնպիսի տարրերի, ինչպիսիք են դերանունները, բայերը, շաղկապները և սպասարկու բառերը (ուրարտերենի թվականները վկայված են միայն գաղափարագրերի տեսքով, ինչը հնարավորություն չի տալիս դրանք համեմատել հայերենի հետ): Որպես օրինակ կարելի է նշել, ասենք, ուրարտերենի հիմնական բայահիմքերը, ցուցական և այլ դերանունները, դերանվանական մակբայները, գրեթե բոլոր շաղկապները և մասնիկները և այլն: Տարբերությունները համեմատաբար շատ են բառափոխող ածանցների (հոլովման, խոնարհման վերջավորություններ) դեպքում: Սակայն այստեղ նույնպես ընդհանրությունները զգալի են, հատկապես առավել հուսալի որոշված քերականական ձևերում: Խոսքը վերաբերում է ոչ միայն հոլովման կամ խոնարհման համակարգերի ընդհանուր` տիպաբանական նմանություններին, այլև կոնկրետ ձևույթներին, օրինակ` սեռական, տրական, ուղղական հոլովների ցուցիչներին, սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակի/կերպի (հատկապես` անանցողական բայերի) և հրամայական եղանակի բայերի ցուցիչներին և այլն (ուրարտերենի ներկա ժամանակի բայաձևերի համար հուսալի վկայություններ չկան): Այստեղ առավել զգալի տարբերությունները պայմանավորված են ուրարտերենում, ի հակադրություն հայերենի, էրգատիվ կառուցվածքի առկայությամբ (իր այս հատկանիշով ուրարտերենը նմանվում է խուռիերենին) և դրանով պայմանավորված հոլովման ու խոնարհման համակարգերում առկա որոշակի տարբերություններով: Սակայն չնայած այդ տարբերություններին՝ ոչ միայն առանձին բառեր կամ բառակապակցություններ, այլև ուրարտական տեքստերում վկայված ամբողջական նախադասություններ և նույնիսկ առանձին արձանագրություններ ընթերցվում են միանգամայն հասկանալի հայերենով և առանց դժվարության ըմբռնվում են նույնիսկ առանց հատուկ մեկնաբանությունների: Միևնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք մեզնից 5-6 հազար տարի առաջ ընդհանուր հնդեվրոպական լեզվի գոյության մասին, ապա 2.5-2.8 հազար տարվա հնության հայերենը չէր կարող չտարբերվել ներկայիս լեզվից և մոտավորապես պետք է գտնվեր վերջինիս և հնդեվրոպական ընդհանուր լեզվի մեջտեղում` բնականաբար իր հնդեվրոպական մասով: Ուշագրավ է նաև, որ ուրարտերենի և հայերենի ընդհանուր մասում գերակշռում են հենց հնդեվրոպական տարրերը:
Այսպիսով, եթե ամփոփելու լինենք վերոնշյալ փաստերը, ապա գալիս ենք հետևյալ հիմնական հետևությունների.
ա) Հայերեն բաղադրիչն իր ծավալով և որակով կազմում է ուրարտերենի հիմքը և չի կարող լինել փոխառությունների և փոխազդեցությունների արդյունք: Միևնույն ժամանակ, պարզ չեն ուրարտերենի և հին հայերենի (գրաբարի) դիրքերը միմյանց նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, այս երկու լեզուների (լեզվական վիճակների) միջև տարբերությունները պայմանավորված են ոչ միայն առկա ժամանակային գործոնով (ուրարտական սեպագրերը գրաբարյան վաղ շրջանի տեքստերից հին են մոտ 1000-1300 տարով), այլև տարածքային` աշխարհագրական գործոնով: Սրա օգտին են խոսում նաև Ուրարտական թագավորության առաջացմանը և ծավալմանը վերաբերող պատմաաշխարհագրական տվյալները, համաձայն որոնց՝ Ուրարտուի տարածքը սկզբնապես գտնվել է Մեծ Հայքի հարավարևելյան մասում: Բացառված չէ, որ այն համընկել է հայոց «Կորճայք» նահանգի հետ: Այս տեսանկյունից ուշագրավ են սույն նահանգի բարբառին վերաբերող պատմական տեղեկությունները, համաձայն որոնց՝ հայոց մեջ այն համարվում էր դժվար հասկանալի:
բ) Ուրարտերենում առկա է խուռիերենի (հատկապես հին խուռիերենի) որոշակի շերտ` ինչպես բառապաշարում, այնպես էլ քերականական որոշ տարրերում, որը, այնուամենայնիվ, ծավալով և որակով զգալի զիջում է հայերենին: Այդ ընդհանրությունների մի մասն առկա է նաև հայերենում, որոնցից շատերն ունեն հնդեվրոպական ծագում: Հաշվի առնելով այս ամենը` ցեղակցական կապի առկայությունը խուռիերենի և ուրարտերենի միջև մեզ քիչ հավանական է թվում, թեև չի բացառվում: Առավել հավանական է, որ խուռիա-ուրարտական ընդհանրություններն արդյունք են հայերենի և խուռիերենի փոխազդեցությունների և հեռավոր ցեղակցական կապի: Բացառված չէ նաև, որ դրանք մասամբ ունեն նաև արեալային բնույթ: Այս հարցի պարզաբանմանը, թերևս, կարող էր օգնել հայ-խուռիական լեզվական ընդհանրությունների մանրամասն ուսումնասիրումը, որոնք, ինչպես արդեն նշվեց, քիչ չեն և չեն սահմանափակվում միայն բառարմատներով:
Ստորև ներկայացնում ենք Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները աշխատության I և II հատորները, որոնք նվիրված են Վանի սեպագիր արձանագրությունների լեզվի` ուրարտերենի և հայերենի փոխհարաբերությունների խնդրին: Մանրամասն քննարկվում են ընդհանուր բառարմատները և ուրարտերենի քերականական և հնչյունական համակարգերը` հայերենի համեմատությամբ: Փորձ է արվում ներկայացնել այս լեզուների պատմահամեմատական քերականությունը` ելնելով այն տեսակետից, որ ուրարտերենի հիմքում ընկած է հայերենը:
Աշխատությունը նախատեսված է մասնագետների` հայագետների, ուրարտագետների և Վանի սեպագիր արձանագրություններով հետաքրքրվող ընթերցողների համար:
http://www.noravank.am/upload/pdf/VTSA-I.pdf
http://www.noravank.am/upload/pdf/VTSA-2.pdf |
Комментариев нет:
Отправить комментарий