ԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ
Կա՞ արդյոք մեկը, որ գիտե, թե ինչո՞ւ է ստեղծված ողջ տեսանելի Տիեզերքը և, նաև, մարդը` որպես նրա մասնիկ:
Չկա այդպիսի մեկը: Եվ չի կարող լինել: Զի նա ընդամենը ստեղծված, արարված է: Կրավորական է:
Արարվածը, ստեղծվածը, եթե բանականություն, շունչ չունի` միայն ենթակա է, և կատարող` իր արարողի, ստեղծողի կամքը, որ դրված է իր անշունչ կառույցի հիմքում, որպես նրա գործելու սկզբունք և օրենք:
Իսկ եթե նրան տրված է Արարչական շունչ, բանականություն, նա կարող է պարզել միայն, թե ինքն ինչպե՛ս է ստեղծված, և ինչպե՛ս է գործում ողջ տեսանելի Տիեզերքը: Եվ, որ ինքը նրա մասն է միայն: Եվ ունենալ սրա գիտակցումը:
Սա այսպես է, զի ստեղծված-արարվածը գոյություն ունի Ժամանակի սկզբից, իսկ Ստեղծող-Արարողը կար Ժամանակից առաջ, մինչ Ժամանակը և Տարածությունը:
Ուրեմն, չափելիով, ընդգրկելիով, չի կարելի, անհնար է չափել կամ ընդգրկել Անչափելին, Անընդգրկելին, քանզի արդյունքը, հետևանքը միշտ որոշակի է` ասել է, թե չափ ու սահման ունի, որով որոշվում և ընդգծվում է նրա` Ամբողջի մասը լինելը և նրա չափն ու կշիռը Ամբողջի նկատմամբ:
Զի` «սահմանն է Բան Կարճառոտ»:
Իսկ Սահմանից անդին Անսահմանն է, Անչափելին, Անընդգրկելին, Անիմանալին, Անկշիռը, Անվախճանը, Անժամանակը:
Ուրեմն, տեսանելի Տիեզերքից և Ժամանակից դուրս և վեր` կա Անտեսանելի Տիեզերքը, որպես Նախատեսված Սկիզբ, Օրենք և Համակարգ, որպես Էություն ամենայն Գոյի:
Ուրեմն, եղածը արտացոլանքն է միայն Անեղի, գոյը` աստիճանը միայն Անգոյի:
Ուրեմն, որպես հարց` չկա ինչուն, այլ կա միայն ինչպեսը:
Ուրեմն, գոյի գերագույն զգացական վիճակն է - իր մասնակի էության` Գերագույն և Միակ Էության մասը, նրան նույնական լինելու զգացողությունը, Ամբողջի մասը և, դրանով իսկ, Ամբողջի հետ միասնական լինելու զգացողությունը:
Մասն է Ամբողջի և ամբողջը` Մասի ներքո, Փոքրն է Մեծի և Մեծը` Փոքրի ներքո: Եվ, քանզի ամբողջն իր մեջ ներառում է ամենայն Բան, ուրեմն, այն անվերջ է և իր բազմազանության մեջ:
Ուրեմն, Ամբողջի ամենայն մաս տարբեր է իր նմանից իր մասնակի էությամբ, ինքնությամբ, բայց և նույնական է նրան` Ամբողջական Էության առնչությամբ:
Այսու, ամենայն մասնակի Էություն, Ինքնություն և՛ նույնական է Ինքն Իր հետ և՛, միաժամանակ, տարբեր է Ինքն Իրենից:
Էությունն, Ամբողջը, գերակա և գերադաս է Իր ցանկացած Մասից, զի այն Իր արտացոլանքն է միայն և մասնակի արտահայտությունը:
Եվ ամենայն Մաս, որ պղծում է իր Ինքնությունը, պղծում է և ամբողջին և մերժվում ու օտարվում է Նրանից, քանզի խախտում է Ամբողջի Ներդաշնակությունը` Սերը, Օրենքը:
Միով, քանզի Ամբողջի Ինքնությունն արտահայտված է Իր արտացոլանքների, արտապատկերների ինքնությունների մեջ, ուրեմն, ամենայն Մաս իր մեջ կրում է ամբողջը:
Նման է, բայց նույնական չէ Նրան:
Ողջ Տիեզերքը, վերից վար, կազմակերպված է ըստ միևնույն սկզբունքների, ինչ որ Ամբողջը` ըստ Արարչական Համակարգի, ըստ Օրենքի:
Եվ Նրա յուրաքանչյուր մասը, և Նրա յուրաքանչյուր մասի յուրաքանչյուր մասը` նույնպես:
Արամ Սիմոնյան
«Ներդաշնակ աշխարհ»
Комментариев нет:
Отправить комментарий